Թուրք նախարարը նախագահական ընտրություններից առաջ երկրի ապակայունացման մասին

Թուրք նախարարը նախագահական ընտրություններից առաջ երկրի ապակայունացման մասին

Որոշ ուժեր ցանկանում են Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել իրադրությունը երկրում, որը կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:

Նրա խոսքով, Թուրքիայում իրադրության ապակայունացումը կարող է նրա տնտեսությունը հետ շպրտել 20 տարով, ինչը շահավետ է որոշ ուժերի: Թե հատկապես ինչ ուժերի մասին է խոսքը, նախարարը չի ճշտել: Շիմշեքը նաեւ նշել է, որ 2014 թվականը Թուրքիայի էկոնոմիկայի համար «դժվար ժամանակաշրջան է» հանդիսանում:

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը ընտրություններում ձայների 51 տոկոսը չհավաքի առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կկայանա երկրորդ փուլը:

2007 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների համաձայն, ի տարբերութուն նախկին նախագահական ընտրությունների, 2014 թվականից Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից, ընդ որում 5 տարի ժամկետով’ 7 տարվա փոխարեն, ինչպես նախկինում էր:

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստացել է ժողովրդի աջակցությունը, կարող է ընտրվել է Թուրքիայի նախագահ, եթե նրա թեկնածությունն առաջադրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում