France 24-ը ռեպորտաժ է պատրաստել սիրիահայ փախստականների մասին

France 24-ը ռեպորտաժ է  պատրաստել սիրիահայ փախստականների մասին

Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմի հետևանքով հազարավոր հայեր, ովքեր արդեն մի քանի սերունդ է’ ապրում են Սիրիայում’ գլխավորապես Հալեպում, հաստատվել են Հայաստանում: Նրանց մասին ռեպորտաժ է պատրաստել ֆրանսիական France 24 հեռուստաալիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռեպորտաժի հեղինակները նշում են, որ սիրիահայերը մեծամասամբ եկել են Հալեպից, որտեղ նրանց մի մասը զբաղվում էր սեփական գործով, իսկ մի մասը՝ արհեստներով:

Երևանում սիրիահայ փախստականներին օգնություն տրամադրած Սբ Զորավոր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խոսելով փախստականներին տրամադրվող աջակցության վերաբերյալ, նշել է.

«Շատ կարևոր է ոչ միայն սոցիալական, այլ նաև հոգևոր և հոգեբանական աջակցությունը, քանի որ երեխաներն ու մեծահասակները, ովքեր լքել են Սիրիան, հայտնվել են բարդ իրավիճակում: Մենք հոգեբանների հետ այցելեցինք նրանց և ամուր կապեր հաստատեցինք այդ հայերի ընտանիքների հետ»:

Լրագրողը պատմում է, որ սիրիահայ փախստականների կարիքները հոգալու գործով է զբաղվում նաև Երևանի կաթոլիկ համայնքը: Փախստականներից մեկը լրագրողին պատմել է, որ Սիրիայում քրիստոնյաները լուրջ թիրախի էին վերածվել:

«Մենք հեռացանք, քանի որ մարդկանց առևանգում էին: Եվ մեր հեռանալուց քիչ հետո իմ զարմիկն առևանգվեց: Մենք’ որպես քրիստոնյա, մեծ ճնշումների էինք այնտեղ ենթարկվում: Քրիստնոյաները թիրախավորվել էին, նրանց սպանում էին, սարսափելի բաներ էին տեղի ունենում Սիրիայում: Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ դեպքերը նման վատ զարգացում կունենան »,-նշել է հայրենադարձը տեսաֆիլմում:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիահայերի հիշեցնում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները, որոնց զոհերն էին դարձել նրանց պապերը: Պատմելով ցեղասպանությունից հրաշքով փրկված պապի պատմությունը’ մի սիրիահայ նշում է.

«Կյանքն իսկապես շատ բարդ է եղել մեր ապուպապերի համար, ովքեր ստիպված են եղել ամեն բան թողնել հետևում: Իսկ այժմ պատմությունը կրկնվում է մեզ հետ»:

Ռեպորտաժում ընդգծվում է, որ Հայաստանի կառավարությունը ևս օգնում է սիրիահայերին: Մասնավորապես, սփյուռքի նախարարությունն անվճար հագուստ է բաժանում փախստականներին, քանի որ շատերը հեռացել էին առանց շատ բան իրենց հետ վերցնելու՝ կարծելով, թե պատերազմը երկար չի տևի:

«Ես եկել էի ամառային հագուստներով: Դա 7 ամիս առաջ էր»,- պատմել է սիրիահայ մի տղամարդ:

Նրանցից մեկն էլ ընդգծում է, որ Հայաստանում աշխատավարձն ավելի ցածր է, քան գները: Սիրիահայ մի կին էլ ընդգծում է, որ թեպետ Հայաստանը գեղեցիկ երկիր է, սակայն առանց փողի այստեղ դժվար է ապրել, և երբ իրավիճակը կարգավորվի Սիրիայում, ինքը կցանկանար այնտեղ վերադառնալ:

Թեպետ Երևանում ամեն բան փորձում է արվել սիրիահայերի համար, սակայն նրանցից շատերը դժվարանում են հարմարվել տեղի պայմաններին: Ռեպորտաժի հեղինակն ընդգծում է, որ Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, ինչպես նախապատերազմյանՍիրիան: Այստեղ բնակչության 1/3-ը ապրում է աղքատության մեջ: Ուստի սիրիահայերից շատերը, չհարմարվելով Հայաստանի պայմաններին, հեռանում են Եվրոպա և Հյուսիային Ամերիկա՝ համալրելով հայկական սփյուռքի շարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում