Թուրքիայում նախընտրական տենդ է

Թուրքիայում նախընտրական տենդ է

Թուրքիայում նախընտրական տենդ է ծավալվում, եւ առաջիկա նախագահական ընտրություններն այդ երկրում առաջինն են, երբ Նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, եւ ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես եղել է մինչ այժմ: Հաշվի առնելով վերջին ամիսներին տեղի ունեցած աղմկալից կոռուպցիոն սկանդալները, հակակառավարական խմբավորումների ակտիվացումը, խոշոր քաղաներում զանգվածային բողոքի ակցիաները, ինչը բերել է իշխանության ճգնաժամի, ներկայիս ընտրա կան արշավի լարվածության աստիճանը գնալով խիստ բարձրանալու է:

Թուրքիայի հասարակությունը Նախագահի պաշտոնի համար ամենաիրական հավակնորդներից մեկն է համարում ներկայիս վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, ում թեկնածությունը հուլիսի 1-ին պատրաստվում է պաշտոնապես առաջադրել նրա գլխավորած’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Դատելով ամեն ինչից, թուրքական վերնախավի զգալի մասը կքվեարկի նրա օգտին, սակայն, Թուրքիայում քիչ չեն նաեւ նրա հակառակորդները:

Մասնավորապես, իր թեկնածուի օգտին, իսկ Էրդողանի դեմ’ ակտիվ քարոզչություն է սկսել «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ): Թուրքական խորհրդարանի ԱՇԿ-ի պատգամավոր Ռեշաթ Դողրուն, արտահայտելով իր կուսակցության կարծիքը, գաղափար է հնչեցրել այն մասին, որ Էրդողանը փորձում է Թուրքիան բերել բռնապետության:

«Եթե Էրդողանը երկրի նախագահ դառնա, ապա իշխանության բոլոր ճյուղերի բոլոր լիազորությունները կվերցնի իր վրա եւ դրանով կդառնա միանձնյա բռնապետ: Այդ պատճառով, մենք նրան թույլ չենք տա բռնազավթել իշխանությունը: Մենք բոլոր ուժերով պաշտպանելու ենք մեր թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին: Թուրքիայում, ըստ էության, պայքարը գնալու է ոչ թե Իհսանօղլուի եւ Էրդողանի միջեւ, այլ ժողովրդավարության եւ դիկտատուրայի միջեւ, բայց, կարծում եմ, վերջնական արդյունքում հաղթանակելու է ժողովրդավարությունը»,- հայտարարել է Դողրուն:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Աթիլլա Քարաթը եւս վարչապետին մեղադրել է երկիրը դեպի բռնապետություն տանելու մեջ: Նրա կարծիքով’ եթե Էրդողանն ընտրվի ժողովրդի կողմից, ապա կփորձի օգտագործել Նախագահի լիազորությունները Աթաթուրքի կողմից հիմնադրված, առկա քաղաքական ռեժիմը փաստացի փոփոխելու համար:

«Այժմ ընդդիմության խնդիրը այն է, որ քայքայի Էրդողանի բոլոր ծրագրերը: Մենք պետք է հաղթենք այդ ընտրություններում, եւ մենք բոլորս պետք է ուժեղացված աշխատենք հանուն մեր թեկնածուի հաղթանակի»,- խիստ բացայհայտ եւ բավական ագրեսիվ հայտարարել է խորհրդարանականը:

ԱԶԿ ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ ոչ մի վայրկյան անգամ չեն չեն կասկածում, որ ընտրություններում հաղթանակ է տանելու իրենց թեկնածու Էրդողանը: «Ժողովուրդը քվեարկելու է ժամանակակից Թուրքիայի զարգացման հեղինակ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օգտին»,- ասել է ԱԶԿ պատգամավոր Մուստաֆա Քաբաքչին:

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում