21 տարի առաջ ազատագրվեց Մարտակերտը

21  տարի առաջ ազատագրվեց Մարտակերտը

1992թ. հուլիսի 4-ին Մարտակերտի անկումից մեկ տարի անց հայկական ուժերն անցնելով շեշտակի հակահարձակման, ամրացան շրջկենտրոնն իշխող բարձունքներում և վերահսկողության տակ առան քաղաքն ու նրա շրջակայքը: Մարտակերտի ազատագրման գործողությունների ծրագրի մշակումն ու դրանց նախապատրաստումը սկսվել էր դեռևս Քելբաջարի (Քարվաճառի) հաղթանակից հետո:

Ըստ գծագրված պլանի՝ հարվածներ պետք է հասցվեին միանգամից մի քանի ուղղություններով. Սրխավենդից մինչև Մատաղիս ձգվող ռազմաճակատի ողջ երկարությամբ կենտրոնացվեցին 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններից ընտրված ուժերն ու կնետրոնական ենթակայության մի շարք ստորաբաժանումներ:

Արդեն հունիսի երկրորդ կեսին հայկական ուժերին հաջողվեց վերցնել օպերատիվ-մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունք և բնագիծ: Գլխավոր հարվածային ուղղություններ էին ընտրվել Բոյահմեդլը, Փափրավենդ, Պուշկենյալ, Հեռուստաաշտարակ, Մաղավուզ հատվածները:

Հաշված օրերի ընթացքում՝ մարտագծի հարավ-արևելյան տեղամասում, Ասկերանի և Շուշիի պաշտպանական շրջանների ուժերը շոշափելի կորուստներ պատճառեցին հակառակորդին Խրամորթ և Փափրավենդ գյուղերի միջնամասում և դուրս եկան Աղդամ-Մարտակերտ մայրուղի:

Նույն ժամակահատվածում Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Գալաչիլար գյուղի ուղղությամբ զարգացնելով իրենց առաջխաղացումը՝ նպաստավոր բնագծեր զբաղեցրին Բոյահմեդլու-Փափռավենդ գյուղերի շրջանում, և Պուշկենյալ բարձունքում դիրքավորված հակառակորդին մղեցին նահանջի: Ազատագրական մարտերը հաջողությամբ էին ընթանում նաև Մաղավուզի և հարակից հայկական գյուղերի ուղղությամբ, այստեղ իրենց գործողություններով աչքի էին ընկնում Մարտակերտի պաշտպանական շրջանն ու Հայաստանի կամավորականներից կազմված բրիգադը:

Հակառակորդը դեռ չէր հաշտվում իր կորուստների հետ և Մարտակերտի ուղղությամբ հայկական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով հունիսի 26-ին մարտի մեջ մտցրեց ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Բայց հենց այդ օրը մեզ հաջողվեց դիպուկ հարվածով ոչնչացնել ռմբահարվածներ հասցնող ևս մեկ թշնամական ինքնաթիռ:

Տևական ու դաժան մարտեր էին ընթանում, որոնք ուղեկցվում էին պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումների դիպուկ հարվածներով և ահա վերահսկողության տակ առան «Հեռուստաաշտարակ» և «Պուշկենյալ» բարձունքները ու  ստեղծված դիրքային առավելությունը հնարավորություն ընձեռեց հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ստորաբաժանումները հասցնել Խրամորթ-Բոյահմեդլու-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ:

Հունիսի 27-ը հյուսիային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ամենավճռորոշ օրն էր: ՊԲ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունների շնորհիվ այդ օրն ազատագրվեց Մարտակերտ քաղաքը: Արդեն հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, ղարաբաղյան ուժերն անցան գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանությանը:

Հյուսիսային շրջանում մեր զորքերի մարտական գործողությունների հաղթական ելքը շրջադարձային ազդեցություն ունեցավ մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա և մեզ հաջողվեց ոչ միայն ազատագրել Մարտակերտի տարածքի մեծ մասը՝ մոտ 6 հայկական գյուղ, այլ՝ ճնշել հակառակորդի ռազմական խոշոր հենակետերը Աղդամում և հանրապետության հարավ-արևելյան շփման գոտում:

Մարտակերտի ազատագրման գործողությունների ընթացքում հայկական ուժերի առաջին հաջողությունները լարվածություն էին մտցրել Ադրբեջանի ներքաղաքական կյանքում’ Բաքվում հակաիշխանական հզոր ցույցեր էին սկսել, իսկ հակաիշխանական խռովության կազմակերպիչն էր Հեյդար Ալիևը, իսկ իրականացնողը՝ Գյանջայի 709-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Սուրյաթ Հուսեյնովը:

Ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ջահանգիր Արասըլին իր «Հայ-ադրբեջանական հակամարտություն. ռազմական ասպեկտ» գրքում ընդունում է, որ միայն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը չէր կարող հանգեցնել հայկական կողմի փայլուն հաղթանակին’ ընդունելով այդ գործում հայ ռազմիկների մտավոր, ֆիզիկական և ոգեղեն կարողությունների դերակատարումը:

 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում