Թուրքիան մտահոգ է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի առաջադրվելու փաստով

Թուրքիան մտահոգ է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի առաջադրվելու փաստով

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի առաջադրվելու փաստը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Թուրքական «Միլլիեթ» պարբերականը հայտնում է, որ ԵՄ հանձնաժողովի նախագահ է առաջադրվել հակաթուրքական գործիչ:

Պարբերականը հիշեցրել է, որ նախորդ ամիս մի հեռուստահաղորդման ժամանակ Յունկերը հայտարարել էր, որ Twitter-ը արգելափակած երկիրը տեղ չունի Եվրամիությունում: Նա նշել էր, որ Եվրահանաձնաժողովի նախագահ դառնալու պարագայում 5 տարվա ընթացքում Թուրքիայի առաջ փակելու է ԵՄ-ին լիիրավ անդամակացության դռները:

Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր նաև, որ Գերմանիայի նախկին կանցլեր Ջերարդ Շրոյդերը մեծ սխալ է թույլ տվել 1999 թվականին Հելսինկիում’ Թուրքիային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելով: Յունկերը դեռեւս 2004թ. պնդել է, որ անդամակցության փոխարեն կարելի է Թուրքիային գործընկերություն առաջարկել:

Եվրամիության երկրների առաջնորդները Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերին առաջադրել են Եվրահանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում: Առաջարկությունը հուլիսի 16-ին դեռ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի կողմից, սակայն այդ գործընթացը ամենայն հավանականությամբ ձևական բնույթ կկրի, քանի որ Յունկերի թեկնածությանը համաձայն են եվրոպական բոլոր առաջնորդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում