Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին’ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:

Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում’ Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում’ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում