Թուրք ազգայնական գործչին արգելվել է մտնել հայկական եկեղեցի

Թուրք ազգայնական գործչին արգելվել է  մտնել հայկական եկեղեցի

Գերմանիայում բնակվող թուրքերը հրաժարվել են հանդիպել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին, ով այցով գտնվում է Քյոլնում, տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Թուրք ընդդիմադիրը, ով Գերմանիա էր մեկնել իր կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրած թեկնածուի համար ձայներ հավաքելու նպատակով, այցելել է Ալևիական միությունների ֆեդերացիա, հունական և ասորական եկեղեցիներ, ցանկություն է հայտնել հանդիպել նաև Գերմանիայի հայկական համայնքի հետ: Սակայն Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանը մերժել է թուրք գործչի պահանջը:

«Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն’ Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում այցելելու էր հայկական եկեղեցի: Այս հայտարարությունը, որը տարածվեց ԶԼՄ-ներում, չի արտացոլում իրականությունը: Քըլըչդարօղլուի’ հակական եկեղեցի այցելելու պահանջը հոջևոր առաջնորդարանը մերժել է: Քանի դեռ Քըլըչդարօղլուն և Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը, հարիր չէ նրանց ընդունելությունն այստեղ»,- ասել է Գերմանիայի հայ հոգևոր առաջնորդարանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում թուրք ընդդիմադիր գործիչն այցելելու է հայկական Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում