Ադրբեջանում երկու ամսում 28 կին է սպանվել

Ադրբեջանում երկու ամսում 28 կին է սպանվել

Այս տարվա հունվար-փետրվարին Ադրբեջանում իրենց ամուսինների կողմից մահացու ծեծի է ենթարկվել 28 կին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի «Կանանց նախաձեռնություն եւ օգնություն սոցիալական խնդիրների լուծման մեջ» հասարակական «Սոցիում» միության նախագահ Զեմֆիրա Մուստաֆաեւան:

Նրա խոսքով’ օրեցօր Ադրբեջանում մեծանում է ընտանիքում բռնության պատճառով գյուղերից քաղաք փախչող կանանց թիվը: «Ադրբեջանում միշտ էլ եղել է ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությունը, սակայն, երբեք չի եղել այդչափ սպանության դեպք: Ընդամենը երկու ամսում 28 սպանված կին’ դա արդեն սարսափելի ողբերգություն է: Դա ցույց է տալիս, որ անհանգստության համար հիմքեր կան: Այսօր օգնության համար մեզ դիմում են եւ խնդրում ապաստանել կանայք Մասալլըից, Գուբայից, Գուսարից եւ այլ շրջաններից: Նրանց մեջ կան մեկ կամ երկու երեխաներով կանայք: Նրանք ամուսիններից փախչում են անորոշություն, միայն թե փրկեն իրենց կյանքը: Ավելի շատ բռնության են ենթարկվում երիտասարդ կանայք», -ասել է Մուստաֆաեւան:

Նա նշել է, որ Ադրբեջանում առկա բռնությունների շատ տեսակներից ամենատարածվածներից են ֆիզիկական եւ սեռական բռնությունը, ընդ որում’ քաղաքներում գերազանցում է սեռական, իսկ գյուղերում’ ֆիզիկական բռնությունը, ինչն ավելի հաճախ գրանցվում է երկրի հարավային շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում