Ադրբեջանի վահաբիները միացել են ԻԼԻՊ-ի հրամաններին

Ադրբեջանի վահաբիները միացել են ԻԼԻՊ-ի հրամաններին

Ադրբեջանի քաղաքացի վահաբիները (սունի արմատականներ) միացել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական զինված խմբավորման առաջնորդ Աբու Բեքր ալ Բաղդադիի’ «Ահաբեկչությունը Ալլահի հանձնարարականն է մեզ» ֆեթվային (կրոնական հրաման), որը նա արձակել է մահմեդական Ռամազան ամսվա կապակցությամբ: 

Նշվում է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդը համացանցում տարածած տեսանյութում գովել է ահաբեկչությունը, մերժել խաղաղությունը, կայունությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, համաշխարհայնությունը եւ ազգայնականությունը:

Բաղդադին ասել է, որ մահմեդականների համար ահաբեկչությունը «ազատ կյանք է նշանակում»: «Ահաբեկչությունը Ալլահի օրենքներով գործելու ընտրություն է: Ահաբեկչությունն Ալլահի հրամանների կատարումն է: Ահաբեկչությունն անհավատներին ենթարկվելը մերժելն է: Ահաբեկչությունը մուսուլմանների համար մահմեդականի նման արժանապատիվ, ուժեղ եւ ազատ ապրելն է: Ահաբեկչությունը սեփական իրավունքներին տեր կագնելն ու դրանցից երբեք չհրաժարվելն է», -հայտարարել է նա:

Publika.az-ը գրել է, որ աշխարհի մահմեդականների Բաղդադիի հռչակած «Իսլամական պետությունում» (խալիֆայությունում) բնակվելու, ջիհադի եւ ահաբեկչության մասին նրա ֆեթվան ընդունելու կոչով երեկ հանդես են եկել նաեւ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդները:

«Այստեղ մեր եղբայրների կարիքը կա: Եկեք ջիհադ արեք, այստեղ Ալլահը ողորմած է, Ալլահը մեզ տվել է բոլոր իրավունքները: Մի նստեք անհավատների մեջ: Մեր գրաված վայրերը դատարկ են, եղբայրների կարիք ունենք: Գաղթեք Շամի այս գեղեցիկ հողերը, Ալլահը ձեր առաջ կբացի բոլոր դռները»,- հայտարարել են նրանք:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվը գերազանցում է 100-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում