Գերմանիայի Բունդեսթագի հանդիսավոր նիստին հիշատակվել են 1915 թվականի հայկական ջարդերը

Գերմանիայի Բունդեսթագի հանդիսավոր նիստին հիշատակվել են
1915 թվականի հայկական ջարդերը

Հուլիսի 3-ին Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել հատուկ նիստ: Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը:

Լամմերտը բացման իր խոսքում նշել է, որ Առաջին աշխարհամարտը նշանավորվել
է Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների մայրամուտով և ազդադարել նոր
դարաշրջանի սկիզբը, ինչպես նաև այն միաժամանակ պատերազմական նոր օջախներ
է ստեղծել Բալկաններում և Կովկասում: Լամերտը որպես օրինակ է բերել
հայերի ջարդերը՝ նշելով, որ հայերի արտաքսումն ու ոչնչացումը պատերազմ
վարելու միջոց դարձրին տեղահանումն ու զանգվածային սպանությունները:

Իր ամփոփման խոսքում Ն. Լամմերտը, անդրադառնալով երկու աշխարհամարտերի
հետևանքների հաղթահարման դժվարին գործընթացին, այն դիտարկել է
համաեվրոպական ինտեգրացիոն ծրագրի համատեքստում և ընդգծել է, որ
եվրոպական օրինակելի փորձը՝ վերջ տալու բռնությունը հիմնական խորհուրդն է
մնում անցած հարյուրամյակի ընթացքում տեղի ունեցած երկու աշխարհամարտերի
հիշատակը միասնաբար հարգելու համար:

Բունդեսթագի հանդիսավոր նիստին մասնակցել են ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը,
դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի կառավարության անդամները,
խորհրդարանի պատգամավորներ, ԳԴՀ սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես
նաև պատվավոր հյուրերի կարգավիճակով’ Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ
ֆոն Վայցզեքերը և Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’էսթենը, իսկ
որպես հիմնական բանախոս Փարիզից հրավիրված է եղել հրեական ծագումով դոկ.
պրոֆ. Ալֆրեդ Գրոսսերը, ով ծնվել է 1925թ.Գերմանիայում, սակայն 1933թ.
նացիոնալ- սոցիալիստների կողմից արտաքսվել էր և բնակություն հաստատել
Ֆրանիսայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում