Թուրքիայի հատուկ ծառայությունները նուրսիստների որս են սկսել

Թուրքիայի հատուկ ծառայությունները նուրսիստների որս են սկսել

Թուրքիայի հատուկ ծառայությունները խուզարկություններ են սկսել երկրում բոլոր նուրսիստական կազմակերպություններում: Հատուկ գործողություններ են իրականացվում երկրի 30 նահանգներում, եւ ուժայինները զենք են փնտրում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքի հետեւորդների մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:

Ստուգումներն անցկացվում են դատախազության թույլտվության հիման վրա: Բացի այդ, Թուրքիայի ուժային գերատեսչություններին հանձնարարվել է ներքին հետաքննություններ անցկացնել եւ սեփական շարքերում հայտնաբերել նուրսիստներին:

Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նուրսիստների աղանդի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել է երկրի տարածքում ահաբեկչական գործողությոններ կազմակերպելու մեջ:

Անցյալ դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում’ վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները եւ ստիպել Ադրբեջանի իշխանություններին նույնն անել նաեւ այդ երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում