Էրդողանի բռնապետական վարքն սպառնալիք է երկրի բարօրության համար. Finnacial Times

Էրդողանի բռնապետական վարքն սպառնալիք է երկրի բարօրության համար. Finnacial Times

Անգլիական Financial Times թերթն, անդրադառնալով Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանի թեկնածությանը, գրել է, որ «Էրդողանի’ ընտրությունների առաջին փուլում հաղթանակը կվնասի Թուրքիային»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը գտնում է, որ «վերջին տարիներին Էրդողանի դրսեւորած ցանկությունները եւ ցուցադրած բռնապետական վարքն սպառնալիք են Թուրքիայի ապագա բարօրության համար»:

Թերթը գրում է, որ թեեւ վերջին 10 տարիներին երկրի տնտեսական եւ քաղաքական հաջողությունների համար Էրդողանին գովում են, սակայն, նրա’ նախագահի թեկնածու հայտարարվելու ժամանակաշրջանում Թուրքիան հայտնվել է քաղաքական ալեկոծումների մեջ: Ըստ Financial Times-ի’ Թուրքիայի տնտեսությունը թուլանում է եւ Էրդողանը կորցնում է միջազգային հարգանքը:

Պարբերականն ակնարկել է, որ վերջին մեկ տարում բացահայտվել են Էրդողանի կառավարության ապօրինությունները, ինչը Իրաքում եւ Սիրիայում ընթացող ճգնաժամերի պայմաններում խիստ անհանգստացնում է Թուրքիայում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներին:

Թերթը Թուրքիայում նախագահական համակարգ ստեղծելու Էրդողանի երազանքը համարում է որպես ավտորիտար կառավարման ազդանշան: «Էրդողանին նախագահ ընտրել-չընտրելու գործը ընտրողի որոշումն է, բայց ընտրվելու դեպքում’ դժվար է պատկերացնել, որ նա կարողանալու է երկիրն ավելի լավացնել», -նշել է անգլիական թերթը:

Financial Times-ը համոզմունք է հայտնում, որ 2011 թվականի ընտրություններից այս կողմ Էրդողանը վերածվել է «անորոշ եւ անհանգստության աղբյուր հանդիսացող քաղաքական գործչի, իսկ նրա նախագահ դառնալու դեպքում այդ վիճակը դժվար թե կարգավորվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում