ԵԱՀԿ-ի հերթական անհույս քննադատությունն՝ ուղղված Ադրբեջանին

ԵԱՀԿ-ի հերթական  անհույս քննադատությունն՝ ուղղված Ադրբեջանին

Զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ադրբեջանում երկու բլոգերների երկարատև ազատազրկման փաստով: «Ադրբեջանում ազատազրկված անհատների ցանկը, ովքեր իրացրել են ազատ խոսքի իրենց իրավունքը, շատ արագ է աճում»,- ասել է Միյատովիչը’ հավելելով, որ ազատ խոսքի արտահայտման խոչընդոտումը ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների լրջագույն խախտում է: 

Հուլիսի 4-ին և մայիսի 27-ին Օմար Մամեդովը և Աբդուլ Աբիլովը, ովքեր բլոգերներ են և հայտնի են իրենց քննադատական հայացքներով, դատապարտվել են 5 և 5.5 տարվա ազատազրկման’ անօրինաբար թմրանյութեր պահելու և վաճառելու մեղադրանքով:

Երկու բլոգերների ազատազրկումը հետևել է լրագրող Փարվիզ Հաշիմլիի բանտարկությանը’ անօրինաբար զենք պահելու և վաճառելու մեղադրանքով, Նիջաթ Ալիևի, Սարդար Ալիբեյլիի, Ռաշադ Ռամազովի ազատազրկմանը, ովքեր ևս հանդիսանում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Սրանք շատ անհանգստացնող զարգացումներ են, որոնք կարող են հետագայում առաջացնել բացասական ազդեցություն ադրբեջանական ԶԼՄ-ների վրա ու տանել գրաքննության մակարդակի բարձրացմանն այդ երկրում: Լրատվամիջոցների ազատ արտահայտման իրավունքը պետք է երաշխավորվի բոլոր ժամանակներում, և ես կրկին կոչ եմ անում դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին լռեցնելու քայլերը»,- ասել է ԵԱՀԿ-ի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում