Ադրբեջանում հանդուրժողականության մթնոլորտ չկա. Արիֆ Յունուս

Ադրբեջանում հանդուրժողականության մթնոլորտ չկա. Արիֆ Յունուս

Չնայած հանդուրժողականության մասին իշխանությունների հայտարարություններին, Ադրբեջանում իրականում իրավիճակն այլ է: Այս մասին «Օբյեկտիվ ԹՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության վարչության ղեկավար ԱրիՖ Յունուսը: «Հանդուրժողականությունը նշանակում է համբերատարություն մարդկանց կամ ժողովուրդների արտահայտած մտքերի, մշակույթների, կրոնների նկատմամբ: Ադրբեջանում նման մթնոլորտ չկա», -նշել է Յունուսը:

Կոնֆլիկտաբանը նշել է, որ խնդիրներ կան տարբեր երկրներում եւս, սակայն, այդ խնդիրները լուծելու համար այնտեղ մարդիկ հավաքվում են կլոր սեղանի շուրջը եւ երկխոսության միջոցով լուծում գտնում: «Ադրբեջանում երկխոսություն չկա ոչ քաղաքական, ոչ կրոնական, ոչ այլ ոլորտներում: Իշխանության երկխոսություն չկա կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ: Երկխոսություն չկա հավատացյալների եւ ոչ հավատացյալների միջեւ», -հավելել է նա:

«Օրինակ’ Ադրբեջանում օգտագործում են «վահաբի» եզրույթը, չնայած նրանք իրենց սալաֆի են անվանում, իսկ «վահաբի» դիմելաձեւը իրենց նկատմամբ որպես վիրավորանք են ընկալում: Մամուլն էլ է օգտագործում «վահաբի» եզրույթը: Անգամ կրոնական առաջնորդները ձեռնպահ չեն մնում այդ դիմելաձեւից: Նույնն արվում է նուրսիզմի նկատմամբ: Սունիներին եւ շիաներին հարող կայքերը վիրավորնանքներ են հրապարակում միմյանց մասին: Խորհրդարանում պատգամավորներին մեղադրում են նուրսիսզմի մեջ: Այդ բոլորը հանդուրժողականություն չէ», -ասել է Յունուսը:

Նրա կարծիքով’ Ադրբեջանում կրոնական արմատականությունը նոր է սկսվում, Ադրբեջանի բնակչության 96 տոկոսը մահմեդականներ են, նրանց միայն 22 տոկոսն է հավատացյալ:

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում արդեն սկսել են կրոնական հոսանքների ներկայացուցիչների միջեւ բախումներ տեղի ունենալ: Նրա խոսքով’ Ադրբեջանում կրոնական ոլորտում խնդիրները սաղմնային վիճակում են եւ գնալով զարգանում են:

«Երկրում հարկադրական արմատականացում է գնում: Կրոնական գործիչները ընտրություններում հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով, խախտում են օրենքը: Կառավարությունը հայտարարում է, որ վերահսկում է կրոնական իրավիճակը, սակայն, իրավապահ մարմինները կրոնական հողի վրա միջադեպեր են գրանցում եւ մշտապես ուշանում կանխել դրանք: «Կրոնական միջադեպերը ծագում են, երբ ուժեղանում է Արեւմուտքի քննադատությունը: Ինչպես երեւում է’ իշխանություններն Արեւմուտքին երկրում կրոնական սպառնալիքի առկայություն են ցուցադրում: Միեւնույն ժամանակ, նման մի ջադեպերը ուժեղացնում են կրոնական արմատականությունը: Ճնշման ենթարկվող հավատացյալները վերածվում են արմատականների», -նշել է Յունուսը:

Ադրբեջանցի կոնֆլիկտաբանի տվյալներով’ Ադրբեջանի մոտ 400-450 քաղաքացիներ այժմ կռվում են Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում եւ Սիրիայում: Յունուսը գտնում է, որ նրանք կվերադառնան ռազմական մտածողությամբ, արմատական եւ կրոնական հայացքներով եւ շրջապատողների վրա նրանց ազդեցությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Անցած շաբաթ օրը Ադրբեջանում կրոնական հողի վրա երկու միջադեպ է գրանցվել. Սաբիրաբադում ծեծի է ենթարկվել վահաբի գործիչը եւ բռնությամբ խուզել են նրա մորուքը, իսկ Բաքվում վահաբիները հարձակվել են մզկիթի շիա հավատացյալների վրա:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է 100-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրի այում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում