Ադրբեջանը կրկին մեղադրում է համանախագահներին

Ադրբեջանը կրկին մեղադրում է համանախագահներին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը համանախագահներին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «լրիվ կազմով» գործունեությանը «խանգարելու» մեջ: Այս մասին  հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և հանդիպումներ է անցկացրել լրիվ կազմով: Բայց վերջին մի քանի տարիներին ՄԽ համանախագահները գործընթացը կենտրոնացնում են իրենց մեջ: Դրանով համանխագահները խոչընդոտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լրիվ կազմով գործունեությանը», -ասել է նա:

Արազ Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ վկա է եղել դրան: «Օրինակ’ 2012 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի 20-ամյա տարելիցի հետ կապված ես առաջարկել էի բարձր մակարդակի կոնֆերանս անցկացնել: Սակայն, մենք տեսանք, որ համանախագահները մտադիր չեն դա թույլ տալ: Նրանց համար գլխավորն այն է, որպեսզի եռյակի միջև հարցերը քննարկվեն գաղտնաբար, առանց ճնշման և միջազգային հանրության ուշադրությունից հեռու: Ինձ հայտնի պատճառներով հայտարարում եմ, որ վերջին մի քանի տարիներին Մինսկի խմբի համանախագահները գործընթացը կենտրոնացրել են իրենց ձեռքերում և խոչընդոտներ են ստեղծում Մինսկի խմբի լրիվ կազմով աշխատանքին», -ասել է Ազիմովը:

Հետաքրքիր է, որ նախկինում ՄԽ ձևաչափը փոխելու պահանջով հանդես եկող Ա.Ազիմովը այժմ հայտարարում է, որ ինքը դեմ է ՄԽ ձեւաչափի փոփոխությանը: «Մինսկի խմբի փոփոխությունը կնվասի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, որոնք կազմում են մեր դիրքերի հիմքը», -ասել է նա:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ գործընթացի մեջ ներառված մյուս պետությունների շահերին և դիրքորոշումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում