Իրաքյան Քրդստանը խզել է դիվանագիտական կապերը Բաղդադի հետ

Իրաքյան Քրդստանը խզել է դիվանագիտական կապերը Բաղդադի հետ

Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմը (իրաքյան Քրդստան) Բաղդադի հետ խզել է իր բոլոր կապերն այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին քրդական վարչակազմին մեղադրել է իսլամիստ մարտիկներին պաշտպանելու մեջ: 

Իր հերթին, Էրբիլը (իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը) Բաղդադից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին, ովքեր քրդական ինքնավարությունը ներկայացնում են Իրաքի կառավարությունում:

Իր հասցեին արված այդ մեղադրանքներից հետո իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին Ալ Մալիքիին բռնապետ է անվանել: Բարզանին Իրաքի վարչապետին նամակ է հղել, որում քննադատել է նրան հետեւյալ խոսքերով. «Իրաքի ապագան վտանգողները իրաքցիներին մի նոր բռնապետական վարչակարգի են ենթարկում»:

Նամակում Բարզանին նշել է, որ իրենք դեմ են, որ Նուրի ալ Մալիքին երրորդ ժամկետով եւս զբաղեցնի Իրաքի վարչապետի պաշտոնը:

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի որոշ հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» հռչակելուց հետո Էրբիլը հայտարարել է մոտ ժամանակում ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնլու մասին: Մինչ այդ, քրդական ինքնավարության զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել նավթով հարուստ Քիրքուկ քաղաքը, որը մինչ այդ լքել էր Իրաքի բանակը, եւ վտանգ կար, որ այն կարող են զավթել իսլամիստները:

Ուշագրավ է, որ համացանցում արդեն հայտնվել է անկախ Քրդստանի ազգային փոխարժեքի նմուշների լուսանկարները: Քրդական Rudaw լրատվական կայքը հայտնել է, որ Քրդստանի ազգային փողի միավորն արդեն հայտնի է, եւ այն շրջանառության մեջ կդրվի անկախ պետություն հռչակվելուց անմիաջապես հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում