Ղարաբաղում էլ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը

Ղարաբաղում էլ բարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը

Karabakh-open.info-ը գրել է.

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավոևող հանձնաժողովի այսօրվա նիստում միաձայն որոշվեց բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։

Հանձնաժողովի որոշմամբ ուղիղ մեկ ամսից 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎ-ի գինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար’ նույնպես 32.85 դրամ, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում’ բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 41.85 դրամ, գիշերային սակագինը’ 36.85 դրամ/կՎտժ:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը տեղեկացրեց, որ բնակչությունն առաջվա պես 1 կՎ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի 25 դրամ, մնացած տարբերությունը կսուբսիդավորի կառավարությունը։

Այսօրվա նիստում որոշվեց բարձրացնել նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, որը կկազմի 21 դրամ/կՎտժ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այս որոշումը հանձնաժողովի կողմից նույնպես ընդունվեց միաձայն։

Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, եւ սա սակագների սովորական բարձրացում է եւ, ինչպես ներկայացվեց նիստում, բնակիչների գրպանին այն չի ազդի, քանի որ կառավարությունը կսուբսիդավորի։ Ի դեպ, արդեն երկրորդ անգամն է, երբ սակագնի բարձրացման դեպքում կառավարությունը սուբսիդավորում է։ 1կՎ-ի համար կառավարությունը ստիպված կլինի սուբսիդավորել շուրջ 16 դրամի չափով եւ եթե հաշվենք, թե քանի կՎ էլեկտրաէներգիա է սպառում բնակչությունը, ապա կարելի է պատկերացնել, թե որքան գումար է պետբյուջեից՝ բնակչության ընդհանուր գրպանից, ուղղվելու այդ սուբսիդավորմանը։ Այս հարցերի շուրջ ծավալված քննարկումներն այսօրվա նիստում ոչ մի արդյունք չտվեցին, քանի որ հարցերը հիմնականում լրագրողներն էին բարձրացնում, դժգոհություն արտահայտողները նույնպես նրանք էին։ Այս ամենը, բնականաբար, չազդեց հանձնաժողովի անդամների որոշման վրա։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում