Ի՞նչ հետևանքներ կարող էր թողնել ադրբեջանցի դիվերսանտների գործողությունները, եթե չվնասազրեծվեին
Նմանատիպ
Նախկին զինվորական Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Որոշել էի մի քանի օր «հանգստանալ» ՖԲ-ից, բայց, հետևելով լրահոսին, հատկապես, ադրբեջանական դիվերսանտների մասին լուրերի տակ արված որոշ, մեղմ ասած՝ դիլետանտ մեկնաբանությունների, ստիպված վերադարձա:
Հարգելիներս, գործից բան չհասկանալով՝ ապատեղեկատվություն մի տարածեք: Այդքան շատ ե՞ք դիվերսանտ տեսե՞լ, որ այդքան արագ որոշեցիք, որ դրանք դիվերսանտներ չեն, այլ պատահաբար մերոնց ձեռքն ընկած էքստրեմալ տուրիզմի սիրահարներ: Այդքան լավ ե՞ք տիրապետում դիվերսիոն գործողություններին և նրա կազմակերպման նպատակին ու մեթոդիկային:
Զավեշտալին այն է, երբ տեսնում ես, որ երբեմն մեծ մեծ փրթում են մարդիկ, ում անձամբ ճանաչում ես ու գիտես, որ անգամ պարզ շարային ծառայութուն զինված ուժերում չեն տարել: Բայց մեկնաբանություններ են անում, ասես ռազմական գործի «տեսաբան, դոկտոր-պրոֆեսորներ են»:
Շատերը տարակուսանք են հայտնում, թե այդ ինչ արտաքին հագուկապ ունեն այդ դիվերսանտները: Ըստ այդ «տեսաբանների»՝ դիվերսանտը պետք է հոլիվուդյան մարտաֆիլմի կերպարանք ունենար: «Սպառծիվկայով» դիվերսանտս ո՞րն է: Չեմ մեղադրում նման տեսակետ ունեցողներին, քանի որ դիվերսանտի վերաբերյալ իրենց պատկերացումը հենց բազմոցին նստած՝ հեռուստաէկրանից է ձևավորվել:
Չնայած տվյալ բացահայտված դիվերսիայի նպատակն ինձ անծանոթ է ու դրանով հիմա հաստատ զբաղվում են համապատասխան պատկան մարմինները, բայց գործից մի փոքր հասկանալով՝ որոշ մոտեցումներ՝ հետաքրքրասերների համար կփորձեմ բացատրել: Ուրեմն ասեմ, որ դիվերսանտի արտաքին տեսքն անմիջական կապ ունի իր առջև դրված խնդրի հետ: Եթե նրա առջև խնդիր է դրված թափանցել թիկունք և առաջադրանքը կատարել որևէ բնակատեղիում, հետևաբար նա ավելի շատ պետք է խաղաղ բնակչի տեսք ունենա, քան «կոմանդոս»-ի:
Հրազենի հետ առկա խլացուցիչն էլ վկայում է, որ խնդիրը պետք է հնարավորինս լռելայն իրագործվի:
Շատերը տարակուսանք են հայտնում, թե դիվերսանտն ինչու է իր հետ ադրբեջանական դրոշակ բերել: Չգիտեմ թե ինչու, բայց հնարավոր է, որ որպես իրենց կողմից իրականացված փաստն ապացուցելու համար՝ տարբերանշան լինի: Ինչպես ասենք Զորրոն, որտեղ մի բան անում էր՝ իր տարբերանշան «Z» տառն էր որպես հաղորդագրություն թողնում: (օրինակս «Զորրո»-յից բերեցի, քանի որ նման դատողություններով մարդկանց համար լավագույն ընկալելի տարբերակը ֆիլմերից է):
Նկարագրեմ դիվերսիոն գործողության ենթադրյալ, բայց հնարավոր տարբերակ.
Ասենք, այս խմբի առջև առաջադրանք էր դրված՝ թափանցել Քարվաճառի տարածաշրջանի խորքային բնակավայրերից մեկը, անաղմուկ գրավել գյուղապետարանի շենքը, սպանել գյուղապետին և գյուղապետարանի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշակը ու վերադառնալ:
Առաջին հայացքից մանկական խաղ հիշեցնող առաջադրանք է և անմիտ է թվում: Բայց պետք է հասկանալ, որ պատերազմները ընթանում են ոչ միայն ռազմական ճանապարհով, այլ նաև՝ տեղեկատվական, քարոզչական և հոգեբանական հարթություններում:
Ի՞նչ հետևանքներ կարող էր թողնել նման, չնչին թվացող գործողությունը:
1. Ադրբեջանում բնակչության մոտ առաջացնել ոգևորություն, հայերի հանդեպ գերազանցության զգացողություն:
2. Տագնապ առաջացնել հայության շրջանում, ներարկել անպաշտպանվածության զգացողություն:
3. Խոչընդոտել հայերին՝ վերաբնակվելու Քարվաճառի տարածաշրջանում. տարածքը մարդկանց գիտակցության մեջ դարձնել վտանգավոր՝ բնակության համար:
Սա ընդամենը ենթադրյալ փոքրիկ տարբերակ էր: Կարելի է ավելի ծավալվել այս թեմայով, բայց կարծում եմ, որ հասկացողի համար սա էլ բավական է:
Այնպես որ, եթե խնդրին ծանոթ չեք՝ սխալ գրառումներով ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին:
Ողջ լերուք:
Կեցցե Հայ Զինվորականը, կեցցե Հայոց Բանակը՝ Հայաստանի և հայության ֆիզիկական անվտանգության ՄԻԱԿ իրական երաշխավորը:
—————————————————————————————–
Հ.Գ. Որոշ դիտարկումներ էլ՝ ստորև, եթե քննարկում լինի՝ մեկնաբանությունների դաշտում կգրվի՝ նյութը չծանրաբեռնելու համար: