Ոստիկանության գնդապետը՝ բանակային միջադեպերի պատճառների մասին

Ոստիկանության գնդապետը՝ բանակային միջադեպերի պատճառների  մասին

Times.am-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին խնդրեց որպես ապագա զինվորների հետ աշխատանք իրականացնողի, անդրադառնալ բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերի, բանակային տարաձայնությունների, վիճաբանությունների պատճառների և դրանց  հանգեցնող գործոնների մասին:

Ի պատասխան ոստիկանության գնդապետը պատասխանեց, որ ինքը ԶՈՒ-ի ոլորտից չէ, որ յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, յուրաքանչյուր անհատ նույնպես, որ յուրաքանչյուր գործով քննություն է ընթանում: Այնուամենայնիվ, Նելլի Դուրյանը որոշակի դիրքորոշում հայտնեց՝ ելնելով իր մասնագիտական փորձից.

«Դպրոցում երեխաները դասամիջոցին վազում են, մեկը մյուսի ուսին է կպնում և սկսվում է՝ ինչի կպար…Ամենազարմանալին այն է, որ աղջիկն աղջկա ուսին է կպել և նույն պատկերը, արձագանքն է եղել: Փողոցում ունեցել ենք անչափահասների հետ կապված դեպք, երբ մեկը մյուսին նայել է և վիճաբանություն է սկսվել՝ դու ով ես, որ ինձ նայես, ինչի պիտի նայես և այլն…Ավելին, նրանցից մեկի մոտ դանակ է լինում, հանում է և մարմնական վնասվածք պատճառում: Առաջին՝ անհանդուրժող են, երկրորդ՝ տանը խոսակցությունները մեկը մյուսի նկատմամբ: Ծնողները երեխաների ներկայությամբ խոսում են բաներ, որոնք  թույլատրելի չեն, օրինակ, փնովում են երկիրը, ոստիկաններին, մանկավարժներին, իշխանություններին, բոլորին և այսպես երեխայի մեջ ագրեսիա, արհամարհանք են առաջացնում, ինչը լավ բանի չի բերում: Գիտեմ, դժգոհ ենք, կան առիթներ, բայց…տան մթնոլորտը, դաստիարակությունը, ծնողների հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, իր ազդեցությունն ունենում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում