«Համաձայն չենք լինի, ազգովի պատերազմ ենք հայտարարելու բոլոր որոշումներին». Ամարասի Արթուր

«Համաձայն չենք լինի, ազգովի պատերազմ ենք հայտարարելու բոլոր որոշումներին». Ամարասի Արթուր

Times.am-ի ճեպազրույցը Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ:

Սահմանին վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը, լարվածության սրացումը հին մեսիջների, երգերի շարքի՞ց է, թե՞…պատերազմի վերսկսման հոտ գալի՞ս է այս ամենից:

Չեմ կարծում, որ պատերազմի հավանականությունը մեծ է այս պահին և ես դա կարող եմ ապացուցել:Սահմանին կատարված դեպքերի հետ կապված ես կարող եմ մեկնաբանել, որ առաջին հերթին թուրքերը հզոր մարտավարական զենքեր են ձեռք բերել, երկրորդ՝ մենք չենք լռում, կրկնակի, եռակի, քառակի դաժան պատիժ են ստանում: Երրորդ՝ սահման է, կարող ես անկանոն շարժում անել անգամ և…Այստեղ ուզում եմ մի բան էլ ասել՝ ադրբեջանական և թուրքական իշխանությունները փողեր են լվանում: Զենք առնելով փող են սարքում, շատ են առնում, շատ են սարքում: Էդ նավթից, գազից էնքան փողեր են կողմնակի ստանում, որ պետք է մի տեղ լվան չէ՞: Հիմա երկու տարբերակ կա՝ կամ նարկոտիկիով պիտի լվային, կամ զենքով:

Քարվաճառի դեպքերը խոսո՞ւմ են հայկական կողմի թերացման մասին, թե՞ տարածքի լեռնաանտառային պայմանների դեպքում սրանից խուսափել չէինք կարող:

Թերացում, իհարկե, կար՝ ոնց կարողացան մտնել, բայց եկեք ուշադրություն դարձնենք այն բանին, որ մեր զինվորականների կողմից շատ արագ հայտնաբերվեցին ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները:

Ռուսական կողմից վերջերս բաց տեքստով են արդեն խոսում Արցախի տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սրան ի պատասխան մի քանի անգամ շատ կոնկրետ հայտարարել է՝ առանց երրորդ ուժի ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ը կարողանում են իրենց առջև դրված խնդիրները կատարել և, որ մենք պետք է վստահենք միայն մեր ուժերին:

Չեմ կարծում, թե նման բանակցություններ են եղել: 20 տարի է նման բաներ եմ լսում, ես պատրաստ եմ ևս հարյուր տարի լսել և ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

Որոշ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ մեր արտաքին քաղաքականությունը համարում են ձախողված:

Չեմ կարող ասել, որ ձախողված է, բայց գոհ էլ չեմ: Ես դիվանագիտությունից հեռու մարդ եմ, համ էլ չեմ սիրում, ես զինվորական եմ, քյասար, ինչ տեսնում եմ, ասում եմ և կոնկրետ գործով եմ զբաղված: Դիվանագիտությունը…տեսնում եմ, որ քիչ են գալիս մեր հայրենակիցները Հայաստան, տարեկան 500.000 մարդ է գալիս, էդքան մարդ ուրիշ երկրում մի ժամում, մի օրում է մտնում: Էս առումով լուրջ բացթողում ունենք դիվանագիտական:

ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցման շրջանակում շատերը դեռ վտանգ են տեսնում, որ Արցախի և ՀՀ-ի միջև մաքսակետ է տեղադրվելու, որ դրանից չենք խոսափելու, ՀՀ-ից դուրս էլ լինում են նման ակնարկներ:

Այ մարդ գիտես իրանք Արցախի տեղը գիտե՞ն, թող խոսան էլի: Ինչ էլ լինի, ես մի բան գիտեմ, որ առանց Արցախի չի լինի, առանց հայ ժողովրդի, ոչ մի նախագահներ, ոչ մի եվրոպայի հզորներ, չեն կարող մի բան անել, պիտի ռեֆերենդում լինի: Համաձայն չենք լինի, ազգովի պատերազմ ենք հայտարարելու բոլոր որոշումներին:

Դեմ դուրս գալու համար և կամք, և վճռականություն, բայցև մարդկային ռեսուրս է պետք, ունենք արտագաղթ և ոչ բավարար վերաբնակեցում:

Էս առումով, վերաբնակեցման առումով վատ է, ես համաձայն եմ ձեզ հետ: Էլի պիտի մեր դիվանագիտությանն ասենք, կառավարության պրոպագանդան թույլ է շատ էս տեսանկյունից: Մյուս կողմից՝ մենք էլ պիտի էդ հարցը լուծենք, սա միայն նախագահի խնդիրը չի: Գնանք մի տուն վերանորոգենք, մի ներդրում անենք, մի բան անենք: Ճիշտ է, բոլորիս վիճակն է վատ, բոլորս միայն մեր առօրյա հացի մասին ենք մտածում, բայց ամեն ինչ պետության վրա չպետք է գցենք: Կառավարությունն ու պետությունը տարբեր բաներ են, ես պետականամետ մարդ եմ: Կառավարությունը գալու է և գնալու, բայց պետությունը…պետության համար մենք բոլորս պիտի վիզ դրած ամեն ինչ անենք: Ոչ մեկ իրավունք չունի պետությանը քննադատի, կառավարությանն ինչքան ուզում ես քննադատի, բայց պետությանը ձեռք չտաք, խնդրում եմ: Սա մեր միակ ձեռքբերումն է, պետությունը և բանակը մեր միակ ձեռքբերումն են:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում