Կառավարությունը «Նաիրիտ» գործարանի բաժնեմասերի մի մասը փոխանցեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրին

Կառավարությունը «Նաիրիտ» գործարանի բաժնեմասերի մի մասը փոխանցեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրին

Հայաստանի կառավարությունը որոշեց մարել ՀՀ գազի համակարգի նախկին տասնմեկ պետական ՓԲԸ-ների միացման արդյունքում 1998 թվականին ստեղծված «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքերը: ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը նշեց, որ որոշման նախագծով առաջարկվում է «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53 ,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը օտարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին:

«Վերջինս դրա դիմաց մարված կհամարի «Հայգազարդ»-ի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով: ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվի ընկերության մի շարք ակտիվներ’ ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը:

«Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սույն որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո՝ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաստատելով որոշման նախագիծը, նշեց, որ մոտակա մի քանի օրերի ընթացքում այդ հարցը կքննարկվի: Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև հունվարի 29-ին ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:

Գործարքի վերջնական ակտը, սակայն դեռևս չի ստորագրվել, քանի որ որոշ խնդրահարույց կետերի շուրջ ՀՀ կառավարության և ամերիկյան ընկերության միջև բանակցությունները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում