«Իմ ունեցած տեղեկություններով’ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը». Հովհաննես Մանուկյան

«Իմ ունեցած տեղեկություններով’ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը». Հովհաննես Մանուկյան

Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը, անկախ նրանից՝ եղել է կենցաղային վեճ, թե ոչ, կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիրն է բարձրացնում: Այդ մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նախկինում եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանը:

«Ցավում եմ այդ միջադեպի համար: Իմ ունեցած տեղեկություններով’ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, այն վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ: Անկախ նրանից’ վեճը եղել է կենցաղային թե ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր ունենք: Արդեն այդ ուղղությամբ համապատասխան հայտարարություններ արվել են Վիրահայոց թեմի և վրաց պատրիարքի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է, և երկու երկրների հարաբերությունները պետք է բարեկամական լինեն: «Վրաստանը մեզ համար կարևոր արտաքին քաղաքական գործընկեր է, և մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ Վրաստանը երկար տարիներ վարել է այնպիսի քաղաքականություն, որի համաձայն’ հայկական եկեղեցիները փորձել է ներկայացնել որպես վրացական’ նախարարը նշեց, որ չի կիսում այդ տեսակետը:

«Այստեղ վրաց պետության խնդիրը չկա: Իհարկե վիճելի խնդիրներ կան եկեղեցիների և եկեղեցապատկան սեփականության հետ կապված, սակայն կարծում եմ, որ սա միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը, բնականաբար, չի կարող չազդել ընդհանուր հարաբերությունների վրա»,- ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում