Եժի Նովակովսկին հաստատվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում

Եժի Նովակովսկին հաստատվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում

Լեհաստանի Սեյմի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը Եժի Նովակովսկուն հաստատել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Ostkraft-ը, խոսելով իր աշխատանքի առաջնահերությունների մասին’ Նովակովսկին նախ հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է «Արևելյան գործընկերության» անդամ, սակայն միաժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին: Դեսպանի խոսքով’ այդ իրավիճակում Լեհաստանի համար առաջնային քաղաքական խնդիր է «չհեռացնել» Հայաստանին եվրոպական հեռանկարից»:

Մյուս կարևոր քայլերից դեսպանն առանձնացրել է հայ-լեհական տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդումը: Ապագա դեսպանը հայտարարել է, որ մոտակա ժամանակահատվածում պաշտոնական Վարշավայի աշխատանքային կապերը Երևանի հետ ուղղված են լինելու 2015 թվականին, երբ կնշվի «Թուրքիայում հայերի կոտարածների 100-ամյակը»: «Հայաստանը համարվում է այնպիսի երկիր, որտեղ խոսքերը, խորհրդանիշներն ու պատմությունն ունեն մեծ նշանակություն»,- ընդգծել է Նովակովսկին:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին պատգամավորների հարցերին’դիվանագետը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունն «Արևելյան գործընկերության»-ը և Եվրամիության հետ կապերի սերտացումը կարող է նպաստել այդ խնդրի լուծմանը: Նովակովսկու կարծիքով’ իրավիճակը բավականին դժվար է, իսկ Լեհաստանն այդ հարցում կարող է ներգրավվել միայն այնքանով, որքանով կներգրավվի պաշտոնական Բրյուսելը:

Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում Նովակովսկին կփոխարինի Զդիսլավ Ռաչինսկուն:

Եժի Նովակովսկին ծնվել է 1959 թվականին’ Ռադոմում: Նա ավարտել է Յագելոնիայի համալսարանի պատմական ֆակուլտետը, Վարշավայի համալսարանում ստացել է դոկտորի կոչում: Աշխատել է Tygodnika Polskiego թերթի գլխավոր խմբարի տեղակալի և Wprost թերթի միջազգային բաժնի խմբագրի պաշտոններում: Գործունեություն է ծավալել նաև Սենատում, որպես միջազգային հետազոտությունների պատասխանատու, եղել է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի’ արևելյան քաղաքականության հարցերով խորհրդականը և նախկին վարչապետ Եժի Բուզեկի’ միջազգային հարցերով խորհրդակ անը: 2010 թվականից զբաղեցրել է Լատվիայում Լեհաստանի դեսպանի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում