Yerevan
15
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Թշնամու «արհամարհող» կրակոցի, հայկական կողմի հակահարվածի, սահմանապահ գյուղացու հերոսության ու միջնորդների ներողամտության մասին

Թշնամու «արհամարհող» կրակոցի, հայկական կողմի հակահարվածի, սահմանապահ գյուղացու  հերոսության ու միջնորդների ներողամտության մասին

Հուլիսի 25-ին հակառակորդը մի քանի ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի գյուղերը, բարեբախտաբար, հայկական կողմից կորուստներ չկան:

Times.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը երեկվա մասին կարճ խոսեց.

«Հիմա նորմալ է, երեկվա հետ կապված ավերվածությունները շատ են, բայց կարևորը զոհ չունենք: Կներես, հոգնած եմ, ավել բան չեմ կարող ասել»:

Իր հերթին Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց.

«20.30-21.00-ից սկսել են մինչև 24.00-ն: Վնասների չափը հստակ չեմ կարող ասել, գիտեմ, որ տանիքներ, մեկի լյուստրան է ջարդել: Դե մերոնք էլ պատասխանել են, իրենք էլ արդեն լռել: Բա հո առանց պատասխանի չէի՞նք թողնելու: Ի դեպ, լրագրողներն անընդհատ հարցնում են, թե ինչով է այս ակտիվությունը պայմանավորված, էս ակտիվությունը 25 տարի է կա, մենակ զենքերն են փոխվել, այսինքն՝ մի ժամանակ փոքր տրամաչափի զենքից էին կրակում, իսկ հիմա խոշոր, մի ժամանակ ՊԿ-ից, հիմա ԴՇԿ-ից, ուրիշ զենքերից: Սա է տարբերությունը»:

Հակադարձմանը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակնարկեց, թե սահմանամերձ գյուղի բնակիչներին պետք է զենք տալ, նախագահ Սերժ Սարգսյանը սրան դեմ էր արտահայտվել՝ արձագանքելով  Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դիտարկմանը:

«Ես իմաստ չեմ տեսնում այսօր մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանե՞նք, իմաստը ինչո՞ւմն է»,- ասել էր Սարգսյանը։

«Եթե նախագահը դեմ է, վերնախավն է դեմ է, կարիքը չկա, որ ես… Գերագույն գլխավոր հրամանատարը գիտի, կտան կտան, չեն տա, ուրեմն՝ մեր բանակը մեզ պաշտպան»,-համապատասխան հարցադրմանն ի պատասխան արձագանքեց Արարատ Ավալյանը:

Ի դեպ, երեկ ուշ գիշեր հայկական կողմի պատասխան գործողություններից հետո haqqin.az-ը խոսեց երկու վիրավորի մասին՝ Ալիբեյլիի բնակիչ 52-ամյա Անյա Ալեկպերովա և Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի բնակիչ, 1997-ին ծնված Ֆարիդ Մամեդով, սակայն, ակտիվ կերպով տարածվեց Մամեդովի լուսանկարը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ հայկական կողմն արձագանքել է, երբ թշնամին սկսել է կանոնավոր և նպատակային կրակոցներ արձակել.

«Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  հանդես էին եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանային լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների հետ կապված: Համանախագահները կողմերին կոչ էին արել կատարել մարդկային զոհերից խուսափելու  պարտավորվածություններն՝ անընդունելի համարելով գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը:

Բայց ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմին այս կոչ-հորդորները բացարձակ չեն հետաքրքրում, թերևս, նրանից է, որ այդ արհամարհանքը նրանց ներվում է հենց  հայտարարության հեղինակների կողմից:

Հ.Գ. Ի պատասխան տարածվող խուճապին և այլ խոսակցություններին, թե մենք լավ չենք պատասխանում, մի դեպք եմ ուզում պատմել, որը լսել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանից և, որը ներկայացվել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին և, որից ադրբեջանական կողմը հիստերիայի մեջ էր ընկել:

 «Մեր զինվորները մի օր տեսել են, թե ինչպես են ադրբեջանական կողմի սահմանամերձ գյուղի բնակիչները քարեր և փայտեր նետում ադրբեջանցի զինվորների վրա, այն պահին, երբ նրանք փորձում էին մեր հենակետերի ուղղությամբ կրակել’ հայտարարելով. «Հերիք է մեր որդիների կյանքը վտանգեք»: Այս մարդիկ լավ գիտեն, որ հրահրողն Ադրբեջանն է, իսկ պատասխան գործողություններից զգալի կորուստներ են ունենալու»:

http://haynews.am/hy/1343303416


ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում