«Առավոտ»-ը 20 տարեկան է։ ՇՆՈՐՀԱՎՈՐ

«Առավոտ»-ը 20 տարեկան է։ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այնպես ստացվեց, որ ամառային արձակուրդս ամբողջությամբ նվիրեցի 90-ականների հայ քաղաքական մտքի ուսումնասիրությանը։ Միանգամից պետք է ասել, որ բավական հետաքրքիր ընթերցանություն էր։ Ընդ որում’ հետաքրքիր ոչ միայն պատմագիտական կամ քաղաքագիտական, այլև ներկայիս զարգացումների տրամաբանության ավելի ճիշտ ընկալման, ամբողջական գիտակցման տեսակետից։

Հետաքրքիր, խորիմաստ, շրջահայաց, վերլուծական հարուստ հատկանիշներով օժտված հեղինակներ ենք ունեցել անկախության առաջին տարիներին։ Մարդիկ, ովքեր գրչով են կանգնել պետականության հիմքերում’ դառնալով այդ ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը։

Եվ մամուլն էր այդպիսին։ Դարձյալ բազմաբովանդակ։ Իր լավով և վատով, կռվով և հաշտությամբ, ցավով և ուրախությամբ, դժվար և լավ օրերով։ Մարդիկ աշխատում էին, իսկ հասարակությունն ամեն առավոտ քաղում այդ աշխատանքի այնքան սպասված պտուղները։

Խոսքը նույնպես այն ժամանակ, կարծես, այլ արժեք ուներ. ավելի ծանրակշիռ, դիպուկ, խորաթափանց, սուր, կշռադատված… Արդյո՞ք այն արտահայտելու և տեղ հասցնելու միջոցների սղությունն էր դրա պատճառը։ Հիմա դժվար է ասել։ Բայց փաստն անհերքելի է։

Եվ որքան շատ էի կարդում 20-ամյա վաղեմության հոդվածները, այնքան շատ էի մտածում ինձ արդեն վաղուց հուզող մի խնդրի մասին։ Ժառանգականության, ավելի ճիշտ’ մեր իրականությունում այդ հասկացության իսպառ բացակայությանն է վերաբերվում խոսքս։ Ինչպես, օրինակ, 20-րդ դարի հայ գրականությունը չդարձավ 19-ի ժառանգը, կամ կերպարվեստը, ավելի վաղ դարերի ժառանգը, այնպես էլ այօրվա մամուլ չժառանգեց անկախության առաջին տարիների լրատվամիջոցների հիմնական արժեքները։ Հայերի յուրաքանչյուր սերունդ ամեն ինչ սկզբից է սկսում։ Այդ իսկ պատճառով չկան, կամ գրեթե չկան արվեստի տարբեր ուղղությունների հայկական դպրոցներ։ Չկա նաև հայ քաղաքագիտական միտք, փիլիսոթայություն, հրապարակախոսություն…

Բայց միշտ կան լարեր, որոնք կապում են անցյալն ու ներկան’ ստեղծելով ապագան։ Պատմական կարճ հիշողություն ունեցող ժողովրդների համար դրանք առավել քան կարևոր նշանակություն ունեն։ Ժամանակի մեջ ձգվող այդ լարերն են, որ դառնում են անցյալի վկան, ներկայի խիղճը և հույսն ապագայի։ Դրանք սեփական սխալներն ուսումնասիրելու, հասկանալու, համապատասխան եզրակացություններ անելու համար մեր հասարակությանը տրված վերջին շանսերն են։ Դրանք այն արժեքներն են, որոնք, վերջին հաշվով, բնութագրում են մեզ որպես հասարակություն։

Այսօր այդ լարերից մեկը’ «Առավոտ» օրաթերթը, նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Times.am-ի ողջ խմբագրակազմը շնորհավորում է բոլոր առավոտցիներին և թերթի հավատարիմ լսարանին հիանալի այս տոնի կապակցությամբ։ Հիրավի մեծ է «Առավոտի» տեղն ու դերը մեր լրատվական դաշտում։ Մեծ և նշանակալի։ Նաև պատասխանատու։ Վստահ ենք, որ առավոտցիներն, իրենց լավագույն ավանդույթներով, դեռ շատ տարիներ կլինեն մեր ժողովրդի և պետության կողքին։ Քանզի սերն ու հարգանքը փոխադարձ է։ Նաև պարտավորեցնող։ Ուստի, հարգելի գործընկերներ, դատապարտում ենք ձեզ երկարամյա բեղմնավոր գործունեության։ Շնորհավոր…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում