Ամփոփում ենք Barcamp Արցախ 2014-ը

Ամփոփում ենք Barcamp Արցախ 2014-ը

Այս տարվա հուլիսի 24-28 Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում անցակցվեց թվով չորրորդ Արցախ Barcamp-ը:

Վրանային պայմաններում կազմակերպված Արցախ Barcamp-ի ընթացքում ներկայացվեցին շնորհանդեսներ ամենատարբեր թեմաներով, որոնք առնչվում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:

Մասնավորապես, շնորհանդեսների առաջին օրը ելույթ ունեցավ Հայր Հակոբն ու իր խոսքում կոչ արեց տեխնոլոգիաների դարում առավել եւս ուշադրություն դարձնել հոգեւոր անվտանգությանն ու հավատով պաշտպանվել:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Նիդերլանդներից ժամանած մասնագետ Լեւոն Բաղդասարյանը, ով խոսեց տեղեկատվության ունեցած ֆիզիոլոգիանական ազդեցություններից: Իր խոսքում նա մասնավորապես անդրադարձավ ցեղասպանությունների ունեցած ազդեցությանը սերունդների վրա ու խոսեց գենետիկայի վրա տեղեկատվության ունեցած ազդեցության մասին:

Barcamp Արցախի հատուկ հյուր, Դանիայից ժամանած Գերտ Լաուրենսը ներկայացրեց թերթերի կրած փոփոխությունները տեխնոլոգիաների դարաշրջանում: Իր շնորհանդեսում մասնագետը տեղեկացրեց այն նորարարությունների մասին, որոնք ընդունում են թերթերն իր երկրում’ ընթերցող չկորցնելու համար:

Այնուհետ Արցախ Barcamp-ի շնորհանդեսների երկու օրերի մեջ ներկայացումներ եղան նորարար տեխնոլոգիաներին առնչվող այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Bit Coin-ը, Doodle-ը, Open Street Maps-ը, Street View-ն: Խոսվեց տուրիզմի զարգացման համար տեխնոլոգիաների օգտագործումից, ներկայացվեց երիտասարդական ծրագրերի cragrer.am կայքը, Արցախ Barcamp-ի մասնագետներից մեկը խոսեց կայքի օպտիմիզացման մեթոդներից, ներկայացվեց Awesome foundation Yerevan-ի գործունեությունը:

Անկախ փորձագետ Կարեն Տերտերյանը ներկայացրեց շնորհանդես «Ադրբեջանական կայքերի կտերը» թեմայով եւ մասնակիցներին մի քանի խորհուրդ տվեց այն մասին, թե ինչպես պետք է վարվել ադրբեջանական կայքերի տարածած տեղեկատվության հետ: Կ. Տերտերյանի մյուս շնորհանդեսի թեման էր’ «Օնլայն մեդիան եւ մոռացվելու իրավունքը»: Այս թեմայով փորձագետը օրինակներ ներկայացրեց, թե ինչպես կարող է խնդիր ծագել հասարակության’ տեղեկացվածության իրավունքի եւ մարդու անձնական կյանքի իրավունքի միջեւ, օրինակներ բերեց համաշխարհային մամուլից:

Փորձագետը շնորհանդես ներկայացրեց նաեւ «Տեղեկատվության աղբյուրների բացահայտում» թեմայով:

Ազատ գրաֆիկով ներկայացված շնորհանդեսներն ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով:

Արցախ Barcamp 2014-ի մասնակիցները ծրագրի մեկ օրը նվիրեցին ՊԲ զորամասերից մեկի այցելությանը: Այնտեղ նրանք մեկ օր անցկացրին զինվորների հետ, ճաշեցին նրանց հետ, այցելեցին զորամասի եկեղեցի: Երիտասարդները շփվեցին զինվորների հետ, վերջիններս պատմեցին իրենց ծառայության մասին, խոսեցին մարտական պատրաստվածությունից, պաշտպանության մեթոդներից: Զինվորները գրագետ ու վստահ ներկայացնում էին զորամասի զենքերը, դրանց կիրառություններն ու հնարավորությունները:

Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Barcamp Արցախ միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիրմիր Գրիգորյանը, Barcamp Արցախի կարեւորագույն նպատակներից է մասնակից երիտասարդներին բանակային կյանքի հետ ծանոթացնելը, զինվորների հետ շփումն ապահովելը:

«Մեր ամենամեծ վահանը, մեր հույսը մեր բանակն է, եւ մեր թշնամին ամեն ձեւով փորձում է տեղեկատվական դաշտում բեկում մտցնել ու ապացուցել նախ մեզ, հետո իրենց, որ մեր բանակը մարտունակ չէ: Մեր այցելության ընթացքում միանգամից մի քանի տասնյակ ակտիվ երիտասարդներ իրենց աչքով տեսնում են, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զորամասների զինվորները», նշել էր նա:

Արցախ Barcamp-ի նպատակներից է նաեւ Հայաստանի տարբեր շրջաններից ու արտասահմանից ժամանած մասնակիցներին ծանոթացնել Արցախին ու նաեւ նրանց միջոցով Արցախի մասին տեղեկատվություն տարածել:

Barcamp Արցախ-ի վերջին օրը ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով:
«Նախ ասեմ, որ կցանկանայի ծրագրում ավելի շատ արցախցիներ տեսնել, շփվել նրանց հետ, մեզ հետ զրույցում նշեց ծրագրի մասնակից, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Նորայր Չիլինգարյանը,-իսկ ինչ վերաբերում է շնորհանդեսներին, ապա ասեմ, որ հետաքրքիր շատ ներկայացումներ եղան: Դրանց միջոցով ես հաստատ նոր բաներ իմացա: Ես կարծում եմ, որ այս տարի ավելի լավ անցավ, քան նախորդ տարիներին: Ճիշտ է, միգուցե որոշ մարդիկ այս տարի չեն մասնակցել ծրագրին այն պատճառով, որ վրանային պայմաններ են: Բայց ասեմ, որ վրանային ճամբարն իմ կարծիքով շատ լավ է ու ռիսկային որեւէ բան չկար», նշեց Նորայրը:

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Դավիթ Մալխասյանը, ով առաջին կուրսի ուսանող է, կարծում է, որ այս տարվա Արցախ Barcamp-ն անցավ շատ ուրախ ու ազատ: «Barcamp-ի շնորհիվ ես ծանոթացա շատ հիանալի մարդկանց հետ, որոնց հետ ես կշարունակեմ շփվել նաեւ Barcamp-ից հետո: Հիանալի է, որ տարբեր բնագավառների, տարբեր տարիքի մարդիկ ուղղակի հավաքվում են ու ընկերական շրջապատում քննարկում են ՏՏ հարցեր, շնորհանդեսներ են ներկայացնում, արշավների մասնակցում», ասաց Դավիթն ու ավելացրեց, որ մյուս տարի հնարավորության դեպքում ինքը Հայաստան կգա հենց Barcamp-ին մասնակցելու համար:

«Ցանկանում եմ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնել, քանի որ ամեն ինչ հիանալի էր կազմակերպված, մեր ապրելու պայմանները շատ հարմարավետ էին,- նշեց Դավիթը: Այս Barcamp-ի ընթացքում նա նաեւ շնորհանդես ներկայացրեց տուրիզմի զարգացման համար ՏՏ հնարավորությունների օգտագործման մասին ու դա իր համար մեծ լսարանի մոտ ելույթ ունենալու լավ փորձ է համարում: «Նաեւ այստեղ լսեցի շատ հետաքրքիր ներկայացումներ ու շատ նոր բաներ սովորեցի», ասաց մեր զրուցակիցը:

Այս տարի միջոցառման անցկացման համար ընտրվել էր Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղը, եւ առաջին անգամ անցկացվեց վրանային Barcamp: Ամփոփելով Արցախ Barcamp 2014-ը’ Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ վրանային ճամբարն այս տարի կարելի է հաջողված համարել ու ծրագրվում է մյուս տարի եւս պահպանել այս ֆորմատը: «Այս տարվա կարեւոր նորություններից էր նաեւ մասնակիցների’ զորամաս այցելելը, եւ սա շատ կարեւոր քայլ է բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար»: Այս համատեքստում ՏՏ զարգացման կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ հետագայում եւս նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ հատկապես լրագրողների հետ: Այս տարի նորություն էր նաեւ հոգեւոր անվտանգության թեմային անդրադառնալը եւ դա եւս շարունակական կլինի:

Անդրադառնալով ներկայացված շնորհանդեսներին, Վ. Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին ու շատ տարբեր: «Միակ դժգոհությունն այն է, որ մասնակիցները քիչ էին, եւ հատկապես քիչ էին Արցախից: Մենք ցանկանում ենք, որ մասնակիցներն առհասարակ շատ լինեն»: Կազմակերպիչը միջոցառումը կայացած է համարում, իսկ այն, թե որքանով էր այն հաջողված, ցույց կտան ժամանակը եւ մասնակիցների անդրադարձներն ու կարծիքները:

Արցախ Barcamp 2014 միջոցառման փակման օրը մասնակիցներն ու կազմակերպիչները քննարկեցին կատարված աշխատանքը, խոսեցին ապագայի ծրագրերի մասին, եղան տարբեր առաջարկներ’ հետագա աշխատանքների համար:

Հիշեցնենք, որ ծրագիրը հովանավորվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից, համակազմակերպիչներն են Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը:

Արցախ Barcamp 2014-ի մասնակիցները հրաժեշտ տվեցին հյուրընկալ Ծմակահողին’ հաջորդ տարի արցախյան մեկ այլ գողտրիկ ու հյուրընկալ գյուղական համայնքում հանդիպելու ակնկալիքով:

Թամարա Գրիգորյան


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում