Ջոն Քերին քննադատել է Ադրբեջանի իշխանությանը
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին աշխարհում կրոնական ազատությունների հետ կապված իրավիճակի մասին ԱՄՆ Կոնգրես ներկայացրած զեկույցում խստորեն քննադատել է որոշ երկրների, այդ թվում Ադրբեջանի իշխանություններին’ կրոնական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու համար: Թվով 16-րդ զեկույցը Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո օժանդակելու է ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձեւավորմանը և արտասահմանյան օգնության հատկացմանը :
Զեկույցի’ Ադրբեջանին հատկացված բաժնում նշվում է, որ թեև այդ երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունները, գործնականում Ադրբեջանում որոշ «ոչ ավանդական» կրոնների և հոսանքների գործունեության համար լուրջ սահմանափակումներ են սահմանվում:
Նշվում է, որ Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեն մնում է «հզոր գործիք»’ կրոնական համայնքների դեմ: Այդ գերատեսչությունը գրանցում է կրոնական համայնքները: Իսլամական համայնքների պետական գրանցման համար կարևոր դեր է խաղում նաև Կովկասի մահմեդականների վարչությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է իր քաղաքացիներին արտասահմանցիների կողմից այլ կրոնների մեջ ներգրավումը, իրավապահ մարմինները ապօրինի գործունեության պատրվակով արշավ են կատարել նուրսիստների (չափավոր իսլամի աղանդ) և որոշ քրիստոնեական խմբերի դեմ:
«Չնայած դպրոցներում հիջաբի արգելքին, ադրբեջանական կառավարությունն առանձնապես չի հետևում այդ հրահանգին: Սակայն, այդ արգելքի դեմ բողոքի որոշ ակցիաներ կառավարության կողմից վճռականորեն կասեցվել են: Մզկիթներ բացելն ու փակելը մնում է կառավարության իրավասությունների մեջ, և 2010 թվականին փակված ոչ մի մզկիթ մինչ օրս չի վերաբացվել», -նշվում է ԱՄՆ պետքարտուղարի զեկույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում