Եվրոպան սկսվում է Լեռնային Ղարաբաղից. ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը The European Times-ին
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր նպատակն Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը հասնելն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, The European Times գործակալությանը տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ Արցախի ԱԳՆ-ի առաջնահերթությունների շարքում է ԼՂՀ ճանաչման ուղղությամբ դրական միտումների վերականգնումը, ինչպես նաեւ այլ պետությունների հետ լավ հարաբերությունների պահպանումը, հատկապես այն երկրների, որտեղ հայ համայնք կա:
«ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը բոլոր փուլերում շատ կարեւոր է: Բանակցությունների սեղանին կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:
Նրա խոսքով, Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ եւ արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է եւ հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- ասել է նախարարը:
Կարեն Միրզոյանը նշել է, որ հաջորդ տարեվերջին պատրաստ կլինի Մարտակերտը Վարդենիսին կապող ճանապարհը:
«Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու եւ հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա:
ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղը ոչ միայն երկրի, այլեւ այդ հողում ապրող ժողովրդի անունն է. մարդիկ, ովքեր պայքարել են անկախության եւ ազատության համար:
«Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում