Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում. «ԳԱԼԱ»

Պաշտոնական Ստեփանակերտն անընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում. «ԳԱԼԱ»

GalaTv.am-ը գրել է.

Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի միջնորդությամբ Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի արցախյան կողմը:

Պաշտոնական Ստեփանակերտը այնքան էլ ոգեւորված չէ այդ հանդիպմամբ, սակայն այնուամենայնիվ ողջունում է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ կոնֆլիկտը լուծվի սեղանի շուրջ եւ ոչ թե պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ է ակտիվացել Ադրբեջանը, կա՞ արդյոք երրորդ երկրի միջամտություն եւ ում է պետք, որ Հայաստան-Ադրբեջան եւ ԼՂՀ-Ադրբեջան սահմանը շարունակի մնալ լարված, կամ հնարավո՞ր է նախագահների հանդիպման ժամանակ առաջարկվի խաղաղապահ զորք մտցնել սահման: Այս հարցերի շուրջ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը ներկայացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, ի՞նչ ակնկալիքներ ունի արցախյան կողմը Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպումից, որը կայանալու է Սոչիում:

-Ցանկացած բանակցություն մենք դիտարկում ենք կարեւոր եւ պահանջված գործընթաց, քանի որ բանակցությունները խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր երաշխիք են տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով ցանկացած նման հանդիպում կարեւոր է:

Մենք շարունակում ենք պնդել, որ առանց լիարժեք ձեւաչափի վերականգնման անհնարին կլինի խնդիրը կարգավորել: Արցախը պետք է մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին: Ամեն դեպքում բանակցություններն ավելի գերադասելի են, քան նրանց դադարեցումը:

Ինչ մնում է այս հանդիպումից ակնկալիքներին, Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, որ նա խախտում է ամեն ինչ, նույնիսկ սեփական պայմանավորվածությունները, սեփական պետության Սահմանադրությունը: Բայց հուսանք, որ լարվածությունը գոնե մի քիչ կթուլանա:

– Հատկանշական է, որ երկար սպասված հանդիպումը որոշվեց անցկացնել Սոչիում, այն պարագայում, երբ հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիան էր ու խոսվում էր այն Փարիզում կամ Նյու Յորքում անցկացնելու մասին:

-Սոչին դարձել է ընդունված հարթակներից մեկը, որեւէ այլ տրամաբանություն ես չեմ տեսնում:

-ԼՂՀ կոնֆլիկտը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որոշ վերլուծաբանների կարծիքով Մոսկվան փորձում է իր ձեռքը վերցնել ամբողջ գործընթացը՝ փոխարինելով Մինսկի խմբի ֆորմատը միանձնյա միջնորդությամբ: Ի՞նչ կարծիք ունեք դուք:

-Ես նման բան չեմ նկատում: Հետո նախ հետաքրքրում է հարցի խաղաղ կարգավորումը եւ բանակցությունները:

-Պարոն Բաբայան, ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել Հայաստանի կողմից ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին:

-Չեմ կարծում, որ այդպիսի հարցեր քննարկվեն առաջիկա հանդիպմանը, կան ավելի հրատապ հարցեր՝ զինադադարի խախտում եւ այլն: Ինչ մնում է տարածքներին, մենք պնդում ենք՝ թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքի առումով վերադարձ անցյալին չի լինի:

– Պարոն Բաբայան, անցնող ամիսների ընթացքում Ռուսաստանը իր ոչ պաշտոնական խոսնակների միջոցով հաճախ էր խոսում տարածաշրջանում, այսինքն Ադրբեջանի և Հայաստանի կամ Արցախի միջև այսպես ասած խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Այս վերջին օրերի բախումները կարո՞ղ են առիթ հանդիսանալ, որպեսզի Ռուսաստանի այդ միտումը դարձյալ սեղանի վրա դրվի:

-Մեր տարածաշրջանը այն եզակի տարածաշրջաններից է, որ կարողանում է կայունությունն ու խաղաղությունը պահպանել առանց որեւէ կողմնակի միջամտության, առանց խաղաղապահների: Սա շատ կարեւոր է, որ ցույց է տալիս՝ այն երկրները, որոնք ապրում են այս տարածաշրջանում, ի վիճակի են առանց կողմնակի միջամտության գոյատեւել:

Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը ճանաչելո՞ւ է Արցախի անկախությունը, սահմանների հարցը լուծվելո՞ւ է, եթե այո, դրանից հետո կքննարկենք խաղաղապահ զորքերի անհրաժեշտության հարցը: Հիմա ներկա դրությամբ դրա կարիքը չկա: Եթե ամբողջ հարցերը լուծվեն եւ միջազգային հանրությունն էլ՝ տարբեր երկրները, պատրաստ լինեն իրենց խաղաղապահներին ուղարկել, այդ ժամանակ կքննարկենք:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում