Հայ գերուն հարցաքննած ադրբեջացնի գեներալն Ուկրաինայի կողմից մեղադրվել է դանակահարությամբ սպանության մեջ

Հայ գերուն հարցաքննած ադրբեջացնի գեներալն Ուկրաինայի կողմից մեղադրվել է դանակահարությամբ սպանության մեջ

Փաստաբան Վահե Գրիգորյանը, հիշատակելով ՄԻԵԴ վճիռը (տես հղումը), ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ռովշան Աքպերովի մասին.
Ռովշան Աքպերովը՝ Կարեն Պետրոսյանի սպանությանն ակնհայտորեն առնչություն ունեցող “սպան”, որը տեսախցիկների դիմաց կազմակերպել էր Կարենի հարցաքննությունը, Ուկրաինայի դատախազության կողմից 2001թ.-ին մեղադրվել է Կիեւում իր հայրենակից Էլչին Ալիեւին ականատես վկաների ներկայությամբ դանակահարությամբ սպանության մեջ:

Օգտագործելով դիվանագիտական անձեռնմխելիության մասին ադրբեջանական դեսպանատան կողմից թողարկված կեղծ փաստաթուղթը Ռ.Ա.-ին հաջողվել էր անմիջապես փախուստի դիմել Ուկրաինայից Ադրբեջան:

Գործը, Մինսկի 1993թ.-ի իրավական փոխօգնության մասին կոնվենցիայի (կրճ.) համաձայն փոխանցվել էր Ադրբեջանի դատախազություն, որը երկար ձգձգելուց հետո այն կարճել էր՝ առանց տուժողի ընտանիքին այդ մասին տեղեկացնելու:

Սպանված Էլչին Ալիեւի ընտանիքը դիմել էր ՄԻԵԴ 2008թ.-ին Ադրբեջանի դեմ՝ իրենց որդու կյանքի իրավունքի խախտման փաստի առնչությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու մասին բողոքով (Aliyeva and Aliyev v. Azerbaijan, app. No. 35587/08):

Սույն գործով ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ Ադրբեջանի կողմից խախտվել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) այն հիմքով, որ պատասխանող պետության՝ Ադրբեջանի կողմից չէր իրականացվել որեւէ քննություն, եւ պատասխանատվության չէր ենթարկվել հանցագործություն կատարած անձը:

ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է 31/07/2014թ.-ին, այսինքն՝ Կարենի սպանությունից մեկ շաբաթ առաջ:

Առավել մանրամասն փաստերի եւ ՄԻԵԴ իրավական վերլուծությունների, ինչպես նաեւ՝ սույն գործով կողմերի դիրքորոշումների մասին նայեք վճռում ստորեւ հղումով:
Վճռում Ռովշան Աքպերովը հիշատակվում է, որպես “R.A.”:

Սույն գործով կողմերի դիրքորոշումների մասին՝ այստեղ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում