Դաղստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ է հասունանում
Նմանատիպ
Դաղստանի Մահառեմքենդ գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել Ադրբեջանի դեմ’ մեղադրելով նրան Սամուր գետի իրենց պատկանող ջուրը գողանալու մեջ:
«Կավկազսկի ուզել»-ը հայտնում է, որ բնակիչներին վրդովեցրել է այն փաստը, որ, անտեսելով միջազգային համաձայնագրերը, ադրբեջանական կողմը գողանում է Սամուր գետի ջրային ռեսուրսի մեծ մասը: Դաղստանի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել չթույլատրված ջրի մասը ադրբեջանական կողմից յուրացվելու փաստով:
Սահմանային Սամուր գետն արդյունավետ օգտագործելու և պահպանելու մասին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին, որով գետի ջուրը կողմերը պետք է օգտագործեն 50-50 հավասար բաժնեմասով:
Դաղստանի’ Ադրբեջանի հետ սահմանակից շրջանների ղեկավարները ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին և Դաղստանի կառավարության ղեկավար Աբդուսամադ Համիդովին հղած դիմումում խնդրել են վերականգնել Սամուր գետի ջրերը Դաղստանի և Ադրբեջանի միջև արդարացի բաժանումը:
«Սամուր գետի ջրային պաշարի 95 տոկոսը կենտրոնացված է դաղստանյան տարածքում: Հակառակ համաձայնագրի’ Ադրբեջանը վերցնում է գետի ջրի 90 տոկոսը: Այդ պատճառով չի ապահովվում գետում 30,5 տոկոս ջրի անձեռնմխելի պաշար մնալու պայմանը, ինչն անհրաժեշտ է Սամուր գետի գետաբերանում բնական էկոհամակարգը պահպանելու համար», -ասվում է դիմումում:
Դաղստանի սահմանամերձ շրջանների ղեկավարները խնդրում են «հակամարտության վերածվելու իրավիճակը կանխելու համար» վերականգնել «գետի ջրի բաժանման պայմանավորվածությունը»:
213 կմ երկարությամբ Սամուր գետը սկիզբ է առնում Դաղստանի տարածքում’ Ռուտուլի շրջանի Կուսուր գյուղի մոտ: Նրա ջրերի 96,4 տոկոսը ձեւավորվում է Դաղստանի տարածքում: Սամուրն, ըստ էության, հանդիսանում է Դաղստանի ներքին գետ, եւ ընդամենը 38 կմ է հոսում Ադրբեջանի հետ սահմանով:
Ադրբեջանական կողմը դեռեւս չի մեկնաբանել հակամարտության իրավիճակի հասած դաղստանցիների այդ դժգոհությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում