ԱՄՆ նախագահը բացառիկ է գնահատել դեսպան Մարգարյանի գործունեությունը

ԱՄՆ նախագահը բացառիկ է գնահատել դեսպան Մարգարյանի գործունեությունը

Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորությունում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան նշանակելու կապակցությամբ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհավորանքի խոսքերին զուգահեռ ամերիկահայ համայնքի անունից իր երախտագիտությունը հայտնելով դեսպանին ԱՄՆ-ում իր արդյունավետ առաքելության ողջ ընթացքում հայ ժողովրդին ծառայելու եւ հայ-ամերիկյան կապերի զարգացմանը մեծապես նպաստելու համար:

Ըստ գրասենյակի հայտարարության՝ դեսպան Մարգարյանը բարձր հարգանքի է արժանացել իր ամերիկյան գործընկերների, օտարերկրյա դիվանագետների եւ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների կողմից: Հայ Դատի գրասենյակը, մասնավորապես, տեղեկացնում է, որ ԱՄՆ Սպիտակ տանը վերջրես տեղի ունեցած հավատարմագրման արարողության ժամանակ Նախագահ Բարաք Օբաման իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել դեսպան Մարգարյանի վաշինգտոնյան գործունեությանը՝ դեսպանին գնահատելով որպես ՛բացառիկ Միացյալ նահանգներում Հայաստանը ներկայացնելու գործում՛: Իսկ Պետքարտուղար Ջոն Քերրին իր հրաժեշտի նամակում իր ՛խորին երախտագիտությունն է հայտնել դեսպան Մարգարյանին երկու երկրների միջեւ կարեւոր գործընկերության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը իր մեկնաբանությունում ընդգծել է, որ ջերմության եւ հարգանքի պաշտոնական այս հայտարարությունները դուրս են արարողակարգի ընդունված ձեւաչափից, եւ մեկնող դեսպանի նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաեւ ԱՄՆ ղեկավարների կողմից հայ-ամերիկյան ամուր կապերին հատկացվող կարեւորության վկայություն են:

Դեսպանի առաքելության ավարտի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ընդլայնված նիստում հայտարարություններով են հանդես եկել նաեւ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը եւ Բրեդ Շերմանը:

Հայ Դատի գրասենյակը հաջողություն է մաղթել դեսպան Մարգարյանին ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքային ժամանակաշրջանում դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում