Շառաչուն ապտակ Ալիևի վարչակազմին։ Իտալիայի ԱԳՆ-ն հերքում է պաշտոնական Բաքվի սուտը

Շառաչուն ապտակ Ալիևի վարչակազմին։ Իտալիայի ԱԳՆ-ն հերքում է պաշտոնական Բաքվի սուտը

Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը նախօրեին կրկին հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից տարածվող սուտ տեղեկատվությունը հերքող հայտարարությամբ։ Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, Իտալիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հռոմի և Բաքվի ջանքերը պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Վերջին օրերի լարվածության կապակցությամբ’ Իտալիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին զերծ մնալ զենքի գործածումից և խնդիրը լուծել դիվանագիտական բանակացությունների միջոցով։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա, որտեղ երկու երկների միջև ռազմավարական համագործակցության հռչակագիր է ընդունվել։ Վերադառնալով Բաքու’ ադրբեջանական կողմն այցի պաշտոնական մեկնաբանություններում նշել է, իբր Իտալիան արցախյան հարցում Ադրբեջանին լիակատար աջակցություն է ցուցաբերել։ Ալիևի քարոզչամեքենան անգամ այդ հռչակագրից «հատվածներ» է մեջբերել, որտեղ իբր ասվում է, թե ղարաբաղյանի հարցի խաղաղ կարգավորման գործում կողմերը հղվել են Ադրբեջանի «սուվերենիտետի, տարածքային ամբողջականության, սահմանների կայունության և ՄԱԿ-ի 5 բանաձևերին»։

Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, նման միակողմանի տողեր ադրբեջանա-իտալական հռչակգրում գոյություն չունեն։ Իրավիճակը հստակեցնելու համար Բաքվում Իտալիայի դեսպանատունը հուլիսի 19-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի’ Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները’ հարկ ենք համարում ընգծել, որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը եւ վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»:

Սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ստի մասշտաբները սահմանափակելու համար պաշտոնական Հռոմը հարկ է համարել խնդրին անդրադառնալ նաև ԱԳՆ մակարդակով։ Ինչպես արդեն տեղեկացրինք նյութի սկզբում, համապատասխան հայտարարությունը տարածվել է օգոստոսի15-ին‘ շառաչուն ապտակ հասցնելով Ադրբեջանի իշխանություններին և անձամբ Իլհամ Ալիևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում