Ինչ «Մեսիջ» էր պարունակում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան
Նմանատիպ
Քաղաքագետ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հատկանշական էր Ղարիբաշվիլիի այցը Հայաստան, որի ընթացքում նա հայտարարեց, որ Հայաստանի ու Վրաստանի տնտեսական ու բարեկամական հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվում և էլ ավելի պետք է խորանան: Սրանք, գուցե, թվային սովորական դիվանագիտական-արարողակարգային խոսքեր, եթե չլիներ դրանից ընդամենն օրեր առաջ տեղի ունեցած նախիջևանյան հանդիպումը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կողմերով: Այդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ռազմական ոլորտում, որը տարածաշրջանում անվտանգայնության նոր կոնցեպցիայի մշակման կամ անվտանգության համակարգի փոփոխման կարող է հանգեցնել:
Այդ կարևոր գործընթացին հաջորդած նման բարձր մակարդակի այցն ու «բարեկամության սերտացման» մասին խոսքերը նշանակում են, որ Վրաստանը չի ներգրավվելու այնպիսի գործընթացներում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, իսկ երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի 41,5 տոկոս թիվը նշելով՝ նա դեմոնստրատիվ էֆեկտ հաղորդեց իր խոսքին՝ բոլորին հասկացնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են նաև տնտեսական ոլորտում, ու որ դա տեղի է ունենում շատ բարձր տեմպերով, այսինքն՝ Վրաստանը Հայաստանի հետ ունի կարևոր և կենսական շահեր: Չնայած հրավերը եղել է հայկական կողմից, սակայն դա չի նսեմացնում այցի կարևորությունը նախիջևանյան հանդիպումից հետո, իսկ եթե այցը լիներ վրացական կողմի նախաձեռնությամբ, ապա դա կարող էր իր գործընկերներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դիտվել իբրև իրենց ուղղված մեսիջ:
Մյուս կողմից, այստեղ մեկ այլ տարբերակ, որը թեև տեսական է, բայց բավական հետաքրքիր: Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Վոլերստայնի «կախվածության տեսությունը» «կենտրոն ծայրամաս» կոնցեպցիայով բավական ուսանելի է հայ-վրացական հարաբերությունների խորացման համար: Այն ենթադրում է «ծայրամասային» երկրներից էժան ապրանքների ու աշխատուժի արտահանում «կենտրոնի» երկրներ, որի պատճառով էլ խորանում է կածվածությունը, ուստի որպես «ծայրամասային» երկրներ Հայաստանի ու Վրաստանի խորը համագործակցությունը կարող է ամրացնել նրանց դիրքերը հարաբերությունների նման հարթությունում և կախվածությունը վերափոխել համագործակցության, որը կնպաստի նաև մեր երկրների ինտեգրմանը Վոլերստայնի առաջ քաշած «մեկ տնտեսական աշխարհում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում