Ֆրանսիական «Լանս»-ը 4 մլն եվրո է պահանջում Ադրբեջանի գովազդը շարունակելու համար

Ֆրանսիական «Լանս»-ը 4 մլն եվրո է պահանջում Ադրբեջանի գովազդը շարունակելու համար

Ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժերվե Մարտելը Ադրբեջանի կառավարությունից 4 մլն եվրո է պահանջել թիմի կողմից այդ երկրի գովազդը շարունակելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ֆրանսիական Canal+ հեռուստաալիքը, խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ «Լանս»-ի ադրբեջանցի արկածախնդիր օլիգարխ մաժորիտար փայատեր Հաֆիզ Մամեդովը սնանկացել է եւ չի կարողացել ակումբին փոխանցել խոստացած 10 մլն եվրո գումարը, ինչի պատճառով ակումբի ղեկավարությունը չի կարողանում նոր ֆուտբոլիստներ ներգրավել թիմում: Ժերվե Մարտելը հայտարարել է, որ եթե Ադրբեջանի կառավարությունը մինչեւ առաջիկա սեպտեմբերի 1-ը ակումբի հաշվին գոնե 4 մլն եվրո չ փոխանցի, ապա ակումբը թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից կհանի Land of Fire Azerbaijan («Կրակի երկիր Ադրբեջան») գրությունը:

Ադրբեջանի այդ գովազդը ֆրանսիական ակումբին պարտադրել էր կատարել ադրբեջանցի օրլիգարխը’ երկու տարի առաջ ակումբի բաժնետոմսերի մեծ մասը ձեռք բերելուց հետո, ինչի վերաբերյալ պայմագիր էր կնքվել այն մասին, որ ակումբը պետք է այդ գրությամբ մարզաշապիկներով հանդես գա եւս երկու տարի: Ժերվե Մարտելը գտնում է, որ Ադրբեջանի գովազդը շարունակելու համար օլիգարխի փոխարեն խոստացված գումարից գոնե 4 մլն եվրոն պետք է փոխանցի ադրբեջանական կառավարությունը:

Ադրբեջանական կողմի արձագանքն այդ պահանջին դեռեւս հայտնի չէ: «Լանս»-ի ղեկավարությունը 4 մլն եվրոյի հետ կապված բանակցությունները տանում է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում