Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքվեարկվի շաբաթվա վերջին

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքվեարկվի շաբաթվա վերջին

Հունաստանի խորհրդարանում քննարկման դրված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի լրամշակված տարբերակն արժանացել է պատգամավորների մեծամասնության հավանությանը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը, որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը, քվեարկության կդրվի ուրբաթ օրը’ սե պտեմբերի 5-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աթենքում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սկբնական շրջանում քննարկվում էր օրինագիծը աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը, սակայն խորհրդարանում ակտիվ քննարկումների արդյունքում վերջին պահին ընդունվել է օրինագծի լրամշակված տարբերակը:

«Օրինագծի լրամշակված տարբերակում Հունաստանի արդարադատության նախարարությունն էական բարելավումներ է կատարել եւ հատկապես կենտրոնացել Ցեղասպանության պարագայի վրա: Օրինագծով արգելվում է հերքել Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները: Արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն իր ելույթում ասաց, որ օրինագիծն առաջին հերթին պաշտպանում է ժողովրդավարությունն ու պայքարում խտրականության եւ անհանդուրժողականության դեմ»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը:

Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:

Հարությունյանի գնահատմամբ, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը: Օրենքի լրամշակված տարբերակի ընդունմանը խորհրդարանում առկա երկու կուսակցություն կողմ է քվեարկել, երկուսը’ դեմ, եւս մեկ կուսակցություն’ ձեռնպահ:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում