ԵԱՀԿ-ն մոնիթորինգ է սկսել Ուկրաինայում. Բուրկհալտեր

ԵԱՀԿ-ն մոնիթորինգ է սկսել Ուկրաինայում. Բուրկհալտեր

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը վերջին երկու օրվա ընթացքում Ուկրաինա է ուղարկել հրադադարի մոնիթորինգի փորձ ունեցող 59 մասնագետների եւ այժմ վարձում է նոր դիտորդների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ի ուշ երեկոյան հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Նրա հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ շփման խմբի եւ աշխարհազորի ներկայացուցիչների Մինսկի արձանագրության ստորագրման արդյունքում ստեղծվել է հրադադարի ռեժիմի խախտման եւ այլ միջադեպերի դեպքում գործողությունների սկզբնական մեխանիզմ:

«Մեխանիզմը կողմերի հետ համագործակցությամբ կճշտվի առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում»,- նշվում է Բուրկհալտերի հայտարարության մեջ: Նաեւ քննարկվում է անօդաչու թռչող ապարատների օգտագործումը՝ որպես ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների ներդրումը Ուկրաինայում Հատուկ դիտորդական առաքելության գործունեության մեջ:

Բուրկհալտերը ԵԱՀԿ-ի մասնակից պետություններին կոչ է արել կտրուկ ընդլայնել առաքելությունը՝ ի հաշիվ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող իրենց թեկնածուների առաջարկման եւ առաքելության համար ֆինանսավորման տրամադրման:

Սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրվել է արձանագրություն, որը ԵԱՀԿ-ի մոնիթորինգ է նախատեսում ինչպես Կիեւի ուժերի եւ աշխարհազորայինների միջեւ հրադադարի ռեժիմի, այնպես էլ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անվտանգության գոտու նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում