Էշթոնը և Զարիֆը Նյու Յորքում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Էշթոնը և Զարիֆը Նյու Յորքում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 17-ին հանդիպում կանցկացնեն Նյու Յորքում, որը կնախորդի միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների վեցյակի եւ Թեհրանի բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչիին:

Նա IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում ճշտել է, որ սեպտեմբերի 17-ին Էշթոնը եւ Զարիֆը կհանդիպեն ճաշի շուրջ: Ընդսմին, գնահատելով Թեհրանի եւ «վեցյակի» բանակցությունների հնարավոր արդյունքները, Արաղչին նշել է, որ «իրանական միջուկային ծրագրի շուրջ Նյու Յորքում վերջնական համաձայնության հասնելը տեխնկապես անհնարին է»:

Իր հերթին, ինչպես նշում է Reuters գործակալությունը, Էշթոնը հուսով է, որ նոր հադիպման ընթացքում բանակցորդներին կհաջողվի «կրճատել խզումը» դիրքորոշումների միջեւ:

Թեհրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» հանդիպումը սեպտեմբերի 18-ին կկայանա Նյու Յորքում: Բացի այդ, սեպտեմբերի 11-ին կկայանա Եվրոեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը՝ քաղաքական տնօրենների մակարդակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում