Հայաստանից տոննաներով միրգ և բանջարեղեն է արտահանվել Մոսկվա’ հայկական տոնավաճառի համար (տեսանյութ)

 Հատուկ չվերթներով Հայաստանից ՌԴ մայրաքաղաք Մոսկվա է արտահանվել տոննաներով միրգ և բանջարեղեն’ Մոսկվայի Գյուղատնտեսության նվաճումների ցուցահանդեսի շրջանակներում բացված հայկական տոնավաճառին ներկայացնելու համար: Տոնավաճառին ներկայացված է հայկական ապրանքատեսակների 36 տաղավար, որոնցում տեղ են գտել հայաստանյան ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արտադրանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ցուցահանդեսի կազմակերպման հիմք է ծառայել Եվրոպայից և Միացյալ Նահանգներից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի ներկայացրած պատժամիջոցները: Այս պայմաններում որոշում է կայացվել Մոսկվայում տոնվաճառներ անցկացնել, ուր ներկայացված կլինեն տարածաշրջանի երկրների ապրանքները: Հայկական տոնավաճառը բաց է լինելու մինչև նոյեմբերի 15-ը: Այն կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունների և Մոսկվայի կառավարության աջակցությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է հայկական տարաբնույթ ապրանքատեսակների’ ռուսաստանյան շուկայում առավել լայն ներկայացման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային կապի սահմանափակումների վերացման պայմաններում հայկական գյուղատնտեսական ապրանքների ներկայացված տեսականին ավելի ընդարձակ կլիներ:

Մոսկվայի կառավարության առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ա. Նեմերյուկն էլ շեշտել է հայկական ապրանքատեսակների բարձր մրցունակությունն ու մոսկովյան շուկայում դրանց մեծ պահանջարկի առկայությունը:

Հայկական ապրանքատեսակների տոնավաճառի բացումն ուղեկցվել է հայ ազգային երգ-երաժշտության համերգային կատարումներով: Տոնավաճառի շրջանակում կազմակերպվել են նաև ազգային ավանդական արհեստների նմուշների ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև հայկական ավանդական արհեստների վարպետության դասընթացներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում