Թուրքիայում զգալի գումար է հանգանակվել հայկական Վաքըֆ գյուղի համար

Թուրքիայի միակ հայկական գյուղի’ Վաքըֆի անունից Քընալըադա կղզում ճաշի է մատուցվել, որից ստացված հասույթը նախատեսվում է հատկացնել գյուղի եկեղեցու և դրա հարակից կառույցների շինարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Վաքըֆի ներկայացուցիչները զոհաբերություն են իրականացրել, ինչից հետո ճաշի սեղան է բացվել, որին մատուցվել է հայկական ավանդական հարիսա: Արարողությանը ներկա են եղել Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Իրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Ստամբուլի Շիշլի թաղամասի փոխքաղաքապետը և այլոք:

Հյուրասիրության սեղանից հետո ելույթով հանդես եկած Արամ Աթեշյանը նշել է, որ գյուղում տարբեր նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ 400 հազար թուրքական լիրայից իրենց հաջողվել է հավաքել 170 հազարը: «Վաքըֆը միակ հայկական գյուղն է, որ մենք այսօր ունենք: Նրանք իրենց առանձնահատկությունները, ավանդույթներն ու մշակույթը պահպանելու համար իսկական պայքար են մղում: Այդ պայքարը միայն Վաքըֆի բնակիչներինը չէ, այն նաև մեր պայքարն է»,- հայտարարել է Աթեշյանը’ հույս հայտնելով, որ պահանջվող ամբողջական գումարը կկարողանան կարճ ժամանակում հավաքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում