Ուորլիքը հոկտեմբերին նախագահների կառուցողական հանդիպում է ակնկալում

Ուորլիքը հոկտեմբերին նախագահների կառուցողական հանդիպում է ակնկալում

Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը նպատակ ուներ ավելի հստակ պատկերացում կազմել կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, ինչպես նաև նպաստել նրանց կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Քերին արդյունավետ հանդիպում է անցկացրել, որի ժամանակ կոմղերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և թուլացնել շփման գծի լարվածությունը: Ուորլիքի խոսքերով’ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պատրաստակամությունը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը Սարգսյանին և Ալիևին կոչ է արել շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ուորլիքը հայտնել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ակնկալում է, որ հոկտեմբերի վերջին Փարիզում կկայանա Ադրբեջանի, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Մենք հուսով ենք, որ նախագահների հանդիպումը կառուցողական կլինի: ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն ջանք կգործադրի, որպեսզի օգնի կողմերին հասնելու հակամարտության ամուր կարգավորմանը, սակայն կառույցը չի կարող իր որոշումը պարտադրել նրանց: Ի վերջո հիմնախնդրի կարգավորումը պահանջում է երկու կողմերի քաղաքական կամքը»,- հայտնել է ԱՄՆ համանախագահը:

ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին Նյուպորտում եռակողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նույն այցի շրջանակներում կայացել է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ն րանք անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում