Լիբանանի կառավարությունը սիրիացի փախստականների համար ճամբարներ կբացի

Լիբանանի կառավարությունը սիրիացի փախստականների համար ճամբարներ կբացի

Լիբանանի կառավարությունը որոշում է ընդունել սիրիա-լիբանանյան սահմանին սիրիացի փախստականների համար ճամբարներ ստեղծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբանանի սոցիալական հարցերով նախարար Ռաշիդ Դերբասը: Երկու ճամբարները կբացվեն Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Նա նաև ավելացրել է, որ սիրիական ճգնաժամի սկզբից սա առաջին նման քայլն է: Կառավարության նիստի ժամանակ որոշվել է հարցը մանրամասն ուսումնասիրել:

Սիրիական հակամարտության ավելի քան 3 տարվա ընթացքում միլիոնավոր սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից՝ հաստատվելով հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում: Ամենամեծ թվով փախստականներ են հաստատվել Լիբանանում: Նրանց թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Լիբանանը հայտնվել է դժվարին կացության մեջ և օգնություն է խնդրել միջազգային հանրությունից, որպեսզի կարողանա հոգալ փախստականների կարիքները:

ՄԱԿ-ը օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 3 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում