Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում ցուցադրությունից հանվել է

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում ցուցադրությունից հանվել է

Թուրքիայում ցուցադրությունից հանվել է գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի նկարահանած, Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմը: Այն նախատեսված էր Թուրքիայում առաջին անգամ ցուցադրել աշնանն անցկացվելիք Ստամբուլի Filmekimi կինոշաբաթի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, Filmekimi-ի ղեկավարությունը հայտնել է, որ այն ցուցադրությունից հանվել է «արտասահմանյան ցուցադրողների» պահանջով, իսկ Թուրքիայում ֆիլմի ցուցադրման կազմակերպիչ Anka film ընկերությունն էլ հայտնել է, որ ֆիլմացանկից The Cut-ի հանվելու պատճառը դրա ցուցադրությունը թուրքական կինոթատրոններում «մինչեւ դեկտեմբեր հետաձգելն է»:

Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամը (IKSV) այդ առնչությամբ հայտնել է, որ կինոշաբաթի ֆիլմացանկից The Cut-ի դուրս մնալը քաղաքական դրդապատճառներ չունի, եւ որ այն կապված է «արտասահմանում ֆիլմը տարածող ընկերությունների կողմից մշակված ռազմավարության հետ»:

Ֆաթիհ Աքընի The Cut ֆիլմը Հայոց ցեղասպանության տարիներին Մարդինում ընտանիքը կորցրած հայի մասին է:

The Cut ֆիլմը օգոստոսի 21-ին ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում: Ֆիլմի հեղինակ Աքընն այն ժամանակ հայտարարել էր, որ ֆիլմը 2014 թվականի սեպտեմբերի 17-ին ներկայացվելու է Ստամբուլի Filmekimi կինոշաբաթվա շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում