Գերմանացի պատգամավորը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է Ստեփանակերտ այցելելու համար

Գերմանացի պատգամավորը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է Ստեփանակերտ այցելելու համար

Օրեր առաջ Երեւան եւ Ստեփանակերտ այցելած Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն արդեն հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այդ մասին պատգամավորին տեղեկացրել են պաշտոնապես: Ի պատասխան, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության, Մանֆրեդ Գրունդն ասել է, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է եւ իր կամքն է գնալ այնտեղ ուր ցանկանում է’ առանց որեւէ մեկին տեղյակ պահելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանֆրեդ Գրունդն ասաց, որ երեք անգամ եղել է Ադրբեջանում եւ հույս ունի, որ դիվանագետների’ Ղարաբաղ այցելության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը կփոխվի:

«Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ, եւ մենք Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան էլ շատ տեղեկատվության չենք տիրապետում: Մենք տեղեկացված ենք Ադրբեջանի եւ Հայաստանի տեսակետերի մասին այդ հարցի վերաբերյալ: Բայց ինձ համար շատ կարեւոր էր տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տեղեկանալ հասարակության տեսակետին եւ վերաբերմունքին: Հենց այդ պատճառով էլ ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ եւ հույս ունեմ, որ բանակցությունների միջոցով հարցի կարգավորումը իրականություն կդառնա եւ այդ հատվածում կբացառվի ռազմական հակամարտությունը»,-

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մանֆրեդ Գրունդը’ հավելելով, որ մտավախություն ունի, որ ինչ-որ մեկը Սիրիայում եւ Ուկրաինայում հակամարտությունները կօգտագործի’ խնդրին բացասական լուծում տալու համար: Մանֆրեդ Գրունդի գնահատմամբ’ գոյություն ունի հակամարտության կարգավորման մի քանի տարբերակ:

«Ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման հանգուցալուծում չի նկատվում, քանի որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է կատարում սպառազինություն ձեռք բերելու համար, Հայաստանն էլ Ռուսաստանի բանտարկյալն է դարձել: Սակայն, եթե պատերազմ սկսվի, դա ձեռնտու չէ ոչ ոքին եւ երկու կողմն էլ կհամարվեն պարտված»,- ասաց Գրունդը’ հավելելով, որ պետք է գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում