Սուրեն Բաղդասարյան. Ես ապրում եմ ֆուտբոլով
Նմանատիպ
Allsport.am-ի առաջին հարցազրույցներից մեկը հայտնի հայ սպորտային մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հետ է:
–Ինչո՞վ է բացատրվում Սուրեն Բաղդասարյանի’ որպես հեռուստամեկնաբանի պասիվ գործունեությունը:
-Շատերն են այս հարցը տալիս, բայց դա ամենևին ինձանից կախված չէ: Անկախացումից հետո մեր բարքերը կտրուկ փոխվել են. եթե խորհրդային տարիներին վերահսկողություն կար հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ, ապա այսօր դրանք անցել են մասնավոր սեփականատերների ձեռքը: Իսկ ես համոզված եմ, որ նրանք ժամանակ էլ չունեն մտածելու, թե ով է արժանի որպես մեկնաբան հանդես գալ:
Եթե հիշում եք, «Արմենիան» Հայսատանում առաջին անգամ սկսեց ցուցադրել Չեմպիոնների լիգան, իսկ ես մեկնաբանում էի, սակայն տերերը փոխվեցին և իմ փոխարեն ընտրվեցին երկու երիտասարդներ: Ես ցավագին չեմ տանում նման որոշումները, քանի որ անձամբ տեսել եմ հայկական ֆուտբոլի վերելքն ու ինձ երջանիկ մարդ եմ համարում:
-Որպես մեկնաբան’ դուք ձեր առաջին ֆուտբոլային ռեպորտաժը վարել եք 1971 թ.-ին, երբ «Արարատը» հանդիպեց Տաշկենտի «Պախտակոր»-ի հետ: Կպատմե՞ք այդ օրվա ձեր ապրումների մասին:
-Ճիշտն ասած մինչ այդ ես զգալի փորձ էի ձեռք բերել, և ավելորդ հուզմունք չկար: 1961-ին մրցույթ անցկացվեց, և արդյունքում ես հաղթեցի:Բայց ստացվեց այնպես, որ որոշ մարդիկ արգելք հանդիսացան, և ես հեռացա այդ ոլորտից մոտ 10 տարի: Ավարտելով ուսումս Պոլիտեխնիկում՝աշխատանքի անցա Մերգելյան ինստիտուտում, որտեղ ռադիոհանգույց կար: Սեփական նախաձեռնությամբ սկսեցի սպորտային հաղորդումներ պատրաստել: 1970-ին նորից մրցույթ կազմակերպեցին:
Այս անգամ էլ մասնակցեցի և ընտրվեցի: Առաջին խաղակեսը մեկնաբանեց Վարդգես Անդրիասյանը, իսկ երկրորդը՝ ես: Շատ հիշարժան, դրամատիկ խաղ էր: «Արարատը» հաղթեց 3-2 հաշվով: Մարգարովը հաղթական գոլը խփեց, և ես հպարտությամբ հաղորդեցի դա:
-Իսկ ի՞նչ եք կարծում նոր սերնդի մեկնաբանների և ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների մեկնաբանություններում որո՞նք են ամենատարբերվող գծերը:
-Նոր սերնդի վրա շատ է ազդում համակարգիչը, իսկ հայկական տարբերակն էլ դեռ լավ հղկված չէ: Շատ է հատկապես ռուսերենի, ռուս մեկնաբանների ազդեցությունը նրանց վրա: Լեզվի իմացության տեսակետից երիտասարդները շատ են կաղում: Կան մեկնաբաններ, ովքեր եթերում պարզ չեն խոսում, փնթփնթում են, ասում են այն, ինչ մտածում են: Շատերը օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, ստեղծում տերմիններ: Հայերենը հարուստ լեզու է, և մեկնաբանները կարող են պրպտել, գտնել համարժեք թարգմանությունը, հոմանիշը: Ինքս միանգամից եթերում չեմ հայտնվել, կյանքի դպրոց եմ անցել: Մեր երիտասարդները պետք է փորձեն ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ. մեկնաբանության համար հատուկ դպրոց չկա :
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է սպորտային լրագրությունը:
-Շատ ցածր մակարդակի վրա է: Համեմատության եզրեր անգամ չկան միջազգային սպորտային լրագրության հետ: Գործի բերումով տարբեր երկրներում եմ եղել, ներկա եմ գտնվել Աշխարհի և Եվրոպայի մի շարք առաջնություններին, շփվել լրագրողների հետ: Մասնակցել եմ կոնֆերանսների, որոնց ներկա են եղել լրագրողներ, ովքեր ավելի հայտնի են, քան ֆուտբոլային աստղերը: Նրանց հագուկապը, մակարդակը …Ես չեմ մեղադրում մեր լրագրողներին ա մեն ինչ կապված է ազգի կենսամակարդակի հետ: Նախկինում սպորտին մեծ տեղ չեն հատկացրել: Այժմ էլ ՝գրավոր մամուլում չկան լավ լրագրողներ: Պատճառը նաև ցածր աշխատավարձն է:
-Ինչպե՞ս նախաձեռնեցիք «Ֆուտբոլ+» թերթի լույսընծայումը:
-Այն ժամանակ, երբ թղթակցում էի «Ազգ»- ին, սկզբում սպորտին հատկացնում էին փոքրիկ տեղ: Հետո սկսեցի ակնարկներ, միջազգային սպորտի մասին նյութեր գրել, որոնք մեծ ոգևորություն առաջացրին մարդկանց մոտ: Անգամ Ազգային Ժողովում ասում էին, որ ավելի լավ է կարդալ «Ազգ»-ի սպորտային էջը, քան թե քաղաքականը:
Ավետիքյանը (Հակոբ Ավետիքյան- «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր-հեղ.) ոգևորվեց և առաջարկեց մարզական թերթ հրատարակել՝ «Ազգ մարզական»: Հենց ինքն էլ ինձ միտք տվեց: Ես էլ լուծեցի ֆինանսական կողմը և հրատարակեցի «Ֆուտբոլ +» շաբաթաթերթը:
-Ավելի շատ նախընտրում եք լինել մեկնաբա՞ն, թե՞ թերթի ղեկավար:
-Սպորտային լրագրությունը իմ հոբբին է, որն օգնում է հանգստանալ:
Մեկնաբանությունը հաճույք է. 90 րոպե խաղ ես դիտում և խոսում, իսկ թերթ պատրաստելը բավականին դժվար գործ է: Թերթը իմ սեփականն է: Այն ինձ համար կարծես ժառանգներիցս մեկն է: Հեռուստատեսությունը ճանաչում ձեռք բերելու ամենալավ ուղիներից է, սակայն ես նման խնդիր չունեմ: Այս երկուսի միջև տարբերություն չեմ կարող դնել, որովհետև երկուսն էլ հաճելի են :
-Կարո՞ղ եք առանձնացնել հայ լավագույն սպորտային մեկնաբանին:
-Ես չեմ ուզում անուն տալ: Մինչև վերջերս մեկի անունը տալիս էի անընդհատ, բայց հետո նկատեցի, որ ճիշտ չի տարբերություն դնելը: Պարզապես յուրաքանչյուր մեկնաբան պետք է նվաճի ժողովրդի սերը և հստակ կատարի իր պարտականությունները:
-Եղե՞լ է հանդիպում, որը ցանկացել եք մեկնաբանել, բայց չի ստացվել:
-Առաջ մեկնաբանել եմ մեր Ազգային հավաքականի խաղերը, բայց այժմ՝ ոչ: Ցանկությունը մեծ է, բայց…
-Խաղերը մեկնաբանելիս հաճախ դժվար է լինում պահել չեզոքությունը, մարզական կրքերն իրենցն ասում են, Ձեզ ինչպե՞ս է հաջողվում հնարավորինս անկողմնակալ մեկնաբանել:
-Էությամբ կրքոտ անձնավորություն եմ, իսկ ֆուտբոլը կիրք է: Անտարբեր մարդը չի կարող մեկնաբան լինել: Ես դերասանություն չեմ անում: Ես էլ համակրում եմ որոշ թիմերի, սակայն ցույց չեմ տալիս իմ համակրանքը.անգամ հարազատներս չգիտեն, թե որ թիմին եմ երկրպագում :Այսօր Հայաստանում շատացել է արտասահմանայան ակումբների երկրպագուների թիվը: Եթե մեկնաբանը չեզոք չլինի և ցույց տա իր համակրանքը թիմերից մեկի նկատմամբ, հակառակորդ թիմի երկրպագուները կզայրանան:
-Ինչպիսի՞ կարծիք ունեք Հայաստանում երկրպագության ոլորտի մասին:
-Երկար տարիներ «ֆուտբոլասեր» հասկացությունը գոյություն չուներ: Բայց Չեմպիոնների լիգայի ցուցադրումից հետո երկրպագուների մեծ բանակ ձևավորվեց: Անգամ աղջիկները սկսեցին մարզադաշտ գնալ: Վերջին տարիներին մեր ազգային հավաքականի փայլուն մրցելույթներից և խոշոր հաղթանակներից հետո ոգևորությունը ավելի է մեծացել: Բայց մենք դեռ շատ հեռու ենք այն երկրներից, որտեղ մարդիկ երկրպագում են ոչ միայն իրենց ազգային հավաքականներին, այլև՝ ակումբներին :
-Խոսեցիք ակումբներից, Ձեր կարծիքով Հայաստանում ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար ի՞նչ է պակասում..ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
-Ակումբային ֆուտբոլում ամեն ինչն է պակասում: Առաջին հերթին՝ ֆինանսները: Մեր երկիրը այնքան զարգացած և հարուստ չէ, որ ապահովի ակումբներին: Մեկ մարդու օգնությամբ ակումբ պահել հնարավոր չէ, իսկ Հայաստանի հարուստները օտարերկրացի հարուստների նման չեն: Մեր ակումբների վիճակը բնորոշվում է եվրոպական ակումբային մրցաշարերում խայտառակ ելույթներով:
-Պարո´ն Բաղդասարյան, ըստ Ձեզ, մեր ընտրանին Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ունի:
-Չեմ կարծում: Մեկնարկը հարաբերական առումով հաջող չի ստացվել, իսկ այսօրվա դրությամբ հավաքականում մի շարք խնդիրներ ունենք, հատկապես պաշտպանության հետ կապված: Բայց դե ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է:
-Սուրեն Բաղդասարյանը պատկերացնու՞մ է իր կյանքն առանց ֆուտբոլի և սպորտային իրադարձությունների մեկնաբանության:
-Հիմա երևի այդ կարգավիճակում եմ, չնայած «Լայմ» հեռուստաընկերությունը երբեմն հրավիրում է խաղեր մեկնաբանելու: Բայց ես ակտիվորեն մասնակցում եմ իմ թերթի աշխատանքներին: Ես ապրում եմ ֆուտբոլով:
Զրուցեց Դիանա Ադամյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում