Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի Եվրոպայի ակումբային թիմերի փոխչեմպիոն ”Այրուձի” ակումբի թիմին
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի (խոտի հոկեյ) ”Այրուձի” ակումբի թիմին, որը փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:
Շնորհավորելով հանդիպմանը ներկա մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, նախարարը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները:
Նախարարի խոսքով մականախաղը, մյուս խաղային մարզաձևերի նման, նպաստում է սպորտի մասսայականացմանն ուղղված նախարարության որդեգրած քաղաքականության իրագործմանը: «Կրկնակի ուրախալի է, որ մասսայականություն ապահովող մարզաձևը նաև լավ մարզական արդյունքներ է գրանցում: Հաղթանակ և մարզական ձեռքբերումներ գրանցող թե մարզիկ և թե թիմ անպայման արժանանալու է մեր հատուկ ուշադրությանը և աջակցությանը»,-ասել է Հ. Ռոստոմյանը:
«Ձեր հաջող ելույթը եվրոպական մրցաշարում կոտրեց այն կարծրատիպը, թե հայ մարզիկներն ավելի հաջող են հանդես գալիս մենապայքարային մարզաձևերում: Դուք ապացուցեցիք հակառակը և մեծ ուրախություն պարգևեցիք մեր մարզասերներին»,- նախարարին մեջբերում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարին, որին մասնակցել են ութ երկրների ուժեղագույն թիմեր՝ Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից և Սերբիայից, հայ մականորդները զիջել են միայն աշխարհի էքսչեմպիոն Լեհաստանի թիմին և արժանացել արծաթե մեդալների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում