Ինյեստա. «Բարսելոնան» ինձ համար ամեն ինչ է

Ինյեստա. «Բարսելոնան» ինձ համար ամեն ինչ է

Ներկայացնում ենք Անդրես Ինյեստայի` El Mundo-ին տված հարցազրույցն ամբողջությամբ թարգմանաբար:

-Ասում են, որ Մեսսին գոլեր է խփում, բայց Ինյեստան է «Բարսելոնան» «Բարսելոնա» դարձնում: Դուք համաձա՞յն եք:

-Կարծում եմ, որ թիմը հանճարեղ կարելի է համարել այն դեպքում, երբ թիմի բոլոր անդամները իրենց հնարավորությունների առավելագույն սահմանում են աշխատում: «Բարսան» ուժեղ է` Լեոյին թիմում ունենալով ու հակառակը: Ֆուտբոլը անհատական մարզաձև չէ, այն թիմային խաղ է: Ես լավ եմ խաղում, երբ Մեսսին հետս է, նա էլ լավ խաղ է ցույց տալիս, երբ ես եմ դաշտում:

-Մեսսին ասել է, որ դուք ևս լիովին արժանի էիք «Ոսկե գնդակին»…

-Դե…(ծիծաղում է): Հաճելի է լսել դա Մեսսիից, ում բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ: Չնայած այն բանին, որ նույն հարթակին էինք կանգնել, ես մեկ վայրկյան անգամ նրա մասին որպես մրցակից չեմ մտածել: Նա նախկինի պես իմ թիմակիցն է: Ես ուրախ էի, որ մրցանակը նրան բաժին հասավ:

-Անցյալ տարի դարձաք Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը, իսկ 2011/12 մրցաշրջանում’ լավագույնն էիք ՈՒԵՖԱ-ի ցուցակում: Այդ երկուսից ո՞ր պահն ամենաշատը մնաց ձեր հիշողության մեջ:

-Երևի Եվրո 2012-ինը, քանի որ մրցաշարը շատկարևոր էր թիմի համար: Որևէ թիմ դեռ մեր գրանցած հաջողությանը չի հասել: Ինձ համար սակայն ավելի արժեքավոր է խաղից հաճույք ստանալը, ամեն օր ավելի կատարելագործվելն ու երջանիկ զգալը:

-2012-ը հեշտ տարի չէր ձեզ համար: Պեպ Գվարդիոլան հեռացավ, Էիկ Աբիդալը լուրջ խնդիրներ ունեցավ առողջության հետ կապված և վերջապես Տիտո Վիլանովայի առողջության վատացումը: Այս ամենն ի՞նչպես ազդեց թիմի վրա:

-Ինչ վերաբերում է Գվարդիոլայի հեռանալուն, նման բաներ պատահում են: Ակումբի հետ նրանք համաձայնության եկան, ինչը նորմալ երևույթ է բոլոր թիմերում: Մյուսների խնդիրների հետ բարդ էր համակերպվել: Նման իրավիճակներն ապրելը շատ բարդ է հատկապես նրանց ու իրենց ընտանիքների համար: Աշխատում էինք նրանց հետ լինել, աջակցել, որ արագ ապաքինվեն ու թիմ վերադառնան:

-Կարո՞ղ եք ձեզ այլ թիմի մարզաշապիկով պատկերացնել:

-Միշտ ասել եմ, որ երազում եմ կարիերաս այն ակումբում ավարտել, որտեղ դեռ 12 տարեկանից եմ գտնվում, ակումբում, որն ամեն ինչ է ինձ համար: Ակնհայտ է, որ այլ ակումբի մասին չեմ մտածում, չէ որ հնարավորություններիս սահմանում լավագույն տեղում եմ գտնվում: Ապագան կախված կլինի իմ խաղամակարդակից: Կկանգնեմ այն դեպքում, երբ զգամ, որ 100%-ով չեմ տրվում թիմին:

-Հիմա դուք երիտասարդ ֆուտբոլիստների կուռքն եք: Դեռահասության շրջանում դուք ո՞ւմ էիք ցանկանում նմանվել:

-Երբ փոքր էի, ուշադրությամբ հետևում էի Պեպ Գվարդիոլայի ու Միքայել Լաուդրուպի խաղին: Հենց նրանց էի ամենաշատն ուզում նմանվել, դաշտում փորձում էի նմանակել նրանց գործողությունները: Ժամանակ անցավ, ու երեխաներն այսօր ինձ են հետևում: Դա նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ ես անում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում