The Telegraph-ի անդրադարձը «Ման. Յունայթեդ»-«Ռեալ» խաղին
Նմանատիպ
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» հանդիպման ելքը վճռեց Նանիի հեռացումը, որը շատերի կարծիքով, անարդար էր:
Այսօր առավոտյան լույս տեսած անգլիական մամուլը ցավում է «Յունայթեդի» խաղացողների համար, ովքեր արժանի չէին նման «չար ճակատագրի»:
The Telegraph-ի խաղի մասին վերլուծությունը, ամբողջությամբ նվիրված է միայն մեկ դրվագին:
«Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները վերջապես դուրս եկան հանդերձարանից, նրանք չէին ցանկանում և, երևի թե, չէին էլ կարող որևէ բան ասել: Ակումբի ղեկավարությունը նրանց խորհուրդ էր տվել չմեկնաբանել մրցավարի որոշումը: Այլ ասելիք նրանք չունեին: Նրանց զայրույթն ու աչքերը խոսում էին իրենց փոխարեն:
Խաղացողներն իրենց կողոպուտի զոհ էին զգում: Չեմպիոնների Լիգայում հետագա պայքարից «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս թողեց 36-ամյա ապահովագրական գործակալը:
Ժամանակակից ֆուտբոլում չափից շատ մրցավարներ են շտապում որոշում կայացնել, և ամենևին չեն շտապում ուշադրությամբ ուսումնասիրել դրվագը: Ջունեյտ Չակըրը պետք է բացատրի ՈւԵՖԱ-ի պատվիրակ Պիերլուիջի Կոլլինային, թե ինչով էր մտածում, երբ 56-րդ րոպեին հեռացնում էր Նանիին:
Ինչ խոսք, Նանին շատ էր բարձրացրել ոտքը, երբ բախվեց Ալվարո Արբելոային, բայց նա, անկասկած, չէր նայում «Ռեալի» պաշտպանին: Նրա գործողություններում չկար որևէ միտում: Նանին նայում էր գնդակին և, անգամ, չէր տեսել Արբելոային: Բախվելով Նանիին’ Արբելոան ընկավ:
Դեպքի վայր հասնող Չակըրը թվում էր, թե պատրաստ է դեղին քարտ ցույց տալ Նանիին. ամեն դեպքում նա որևէ կասկած չուներ: Եւ ահա նրան շրջապատում են «Ռեալի» ֆուտբոլիստները, ովքեր պահանջում էին պատժել կանոնները խախտողին: Չակըրը նրանց չհիասթափեցրեց և գլխավերևում բարձրացրեց կարմիր քարտը: Նանին ապշած էր և չէր կարող հավատալ տեղի ունեցածին: Եւ այս անգամ արդեն «ՄՅու» ֆուտբոլիստները’ Նեմանյա Վիդիչը և Ռիո Ֆերդինանդը, սկսեցին ճնշել մրցավարին:
Սեր Ալեքս Ֆերգյուսոնը վեր կացավ իր տեղից և այնպես էր ձեռքերը թափահարում, կարծես պատրաստ էր սվինահարել մրցավարին: Եւ, չնայած, Ֆերգյուսոնը հայտնի է մրցավարների հանդեպ իր բացասական տրամադրվածությամբ, այս անգամ նրան կարելի էր հասկանալ:
«Յունայթեդը» լավ էր խաղում և շատ մոտ էր 1/4 եզրափակիչ դուրս գալուն: Նա առջևում էր հաշվի մեջ, և Ռայան Գիգգսը’ ով անց էր կացնում իր 1000-րդ հանդիպումը, «պատռում» էր պաշտպաններին այնպես, ինչպես նա անում է սկսած 1991 թվ.: «Ռեալը» ոչինչ չէր կարող անել: «Յունայթեդին» անգամ պետք չէր Ռունին’ հարձակվողը մնացաել էր պահեստայինների նստարանին, թիմը առանց նրա էլ հաղթում էր:
Իսկ հետո կատարվեց այդ «հիմարության ակտը» Չակըրի կատարմամբ: Նա, ի տարբերություն 2009 թվ. Չեմպիոնների Լիգայում «Չելսիի» խաղի մրցավար Թոմ Հեննինգի, միայն մեկ սխալ կատարեց, բայց ոչ պակաս վնաս պատճառեց: Լավ խաղը փչացրեց ընդհամենը մեկ մրցավարական սխալ: Փչացավ «Օլդ Տրաֆֆորդոմ» գտնվող երկրպագուների և միլիոնավոր հեռուստադիտողների համար հիանալի հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում