Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությունը մեկնարկել էր մարտի 4-ին Երևանում, մրցումներն անցել են Հ. Շահինյանի և Ա. Ազարյանի անվան մարզադպրոցներում:

Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 60 մասնակիցներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մրցաշարի ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա կձևավորվի սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը ապրիլին մեկնելու է Մոսկվա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Բազմամարտում տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, կանանցից՝ Անահիտ Թադևոսյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար՝ Սերոբ Սողոմոնյանը և Անի Թունյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Վարդանյանը և Արփինե Թադևոսյանը:

Տղաները մրցել են 6 գործիքների վրա: Ազատ վարժություն, հենացատկ, պտտաձող և զուգափայտ ձևերում 1-ին տեղն է գրավել Արթուր Դավթյանը, նժույգ թափեր ձևում՝ Վահագն Ստեփանյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանը և զուգափայտերի վրա՝ Սերոբ Սողոմոնյանը: Աղջիկներից առանձին ձևերում 1-ին տեղն են գրավել Անահիտ Թադևոսյանը (հենացատկ, հավասարակշռության գերան, աղջիկների զուգափայտ) և Անի Թունյանը (ազատ վարժություններ): Առաջնության գլխավոր մրցավարն էր Ալբերտ Ազարյանը, գլխավոր քարտուղարը՝ միջազգային կարգի մրցավար Էլսիկ Հովհաննիսյան:

Առաջնությանը մասնակցել են նաև սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականների ներկայացուցիչները, որոնց ցույց տված արդյունքները թույլ են տալիս ասել, որ Հայստանում կա մեծահասակներին փոխարինող երիտասարդ մարմնամարզիների նոր սերունդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում