Կարո Մուրադ.«Բռնցքամարտում չի կարելի թուլանալ. հենց թուլացար, կարող ես քեզ պարտված համարել»
Նմանատիպ
27 մենամարտ, այդ թվում’ 25 հաղթանակ, որից 15-ը’ նոկաուտով, 1 ոչ-ոքի եւ ընդամենը 1 պարտություն: Նման արդյունքներ է գրանցել Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որը WBO վարկածով կիսածանր քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոն է, իսկ մոտ ապագայում էլ իր ուժերն է փորձելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Թե ում հետ է մենամարտելու հայազգի բռնցքամարտիկն աշխարհի չեմպիոնական գոտու համար, պարզ կդառնա մարտի 9-ին’ Նյու Յորքի “Բերքլի” արենայում կայանալիք մենամարտի ժամանակ, որի ընթացքում մրցելու են կիսածանր քաշային կարգում հանդես եկող անվանի բռնցքամարտիկ 48-ամյա Բերնարդ Հոփկինսը եւ IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոն Տավորիս Քլաուդը:
Կարո Մուրադը ներկա է գտնվելու վերոնշյալ մենամարտին, իսկ մինչ այդ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր գրանցած հաջողությունների մասին եւ ոչ միայն, նաեւ նշել է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսն ուզում է նվաճել իր ազգի համար:
Սիրելու մասին
Չեմ կարող ասել, որ փոքր տարիքում բռնցքամարտիկ դառնալն իմ երազանքն է եղել, բայց միշտ էլ շատ եմ սիրել այս մարզաձեւը: Հիմա էլ, եթե մի քանի օր չեմ պարապում, կարոտում եմ բռնցքամարտն այնպես, ինչպես ամուսինն է կարոտում կնոջը’ նրան մի քանի օր չտեսնելու դեպքում:):
Պրոֆեսիոնալ ռինգ մուտք գործելու մասին
Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում եմ 2006-ից, հենց նույն թվականին էլ գրանցել եմ առաջին հաղթանակս որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Իսկ իմ առաջին մեծ հաջողությունը պրոֆեսիոնալ ռինգում գրանցվել է 2008 թվականին. հենց այդ ժամանակ եմ ձեռք բերել EBU վարկածով չեմպիոնական գոտին: Այդ հաղթանակն իսկապես շատ կարեւոր էր ինձ համար:
Հետագա հաջողությունների մասին
2009 թվականին նվաճել եմ WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը, ապա 2011-ին պաշտպանել եմ IBF Inter-Continental վարկածով իմ գոտին: Գիտեի, որ ուժեղ եմ եւ ուշ, թե շուտ հասնելու եմ նման հաջողությունների: Բայց այսքանով չեմ եզրափակվելու. ձգտելու եմ բարձունքների:
Առաջիկա մենամարտի մասին
Ներկա եմ լինելու Նյու-Յորքում կայանալիք Բերնարդ Հոփկինսի եւ Տավորիս Քլաուդի մենամարտին: Շատ եմ ուզում, որ Բերնարդ Հոփկինսը հաղթի այդ մենամարտում, քանի որ նա լեգենդ է: Հետո էլ ուզում շատ արագ ու ծանր ձեւով նրան նոկաուտի ենթարկել ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել իմ ազգի համար:
Տեքստը’ Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Հետևեք մեզ նաև Telegram-ում